Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի մասնակիցների եւ այն լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններից անցել է ուղիղ մեկ տարի:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրադադար» ակումբն այդ առիթով կազմակերպել էր «ElectricYerevan-ը՝ մեկ տարի անց. հետեւանքներն ու հետեւությունները» թեմայով քննարկում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ ԶԼՄ-ների 25 աշխատակիցներից 21-ը տուժող է ճանաչվել, բայց այս մեկ տարվա ընթացքում բողոքող լրագրողների շրջանակը շատ նեղացել է: Դա, ըստ պարոն Մելիքյանի, շատ մտահոգիչ է. «Երբ լրագրողը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է պայքարից, դա մեծ վնաս է հասցնում հենց մեր համայնքին: Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ տուժած լրագրողների բացարձակ մեծամասնությունն այլեւս չի պայքարում»:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ լրագրողներ Հակոբ Կարապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի գործը գնացել է ՄԻԵԴ: Եվս երկու տուժող լրագրողներ կան, որոնք ի սկզբանե փաստաբաններ չեն ունեցել, եւ նրանցով զբաղվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
Հակոբ Կարապետյանն ասաց, որ հոկտեմբերից հետո քննչական մարմնից որեւէ ակտիվություն չի նկատվել. «Ես եմ երկու անգամ հարցումներ ուղարկել ու ստացել եմ նույն պատասխանները: Ցուցմունքներում տվել ենք մարդկանց անուններ, ասել ենք՝ մեզ տարել են Հունան Պողոսյանի եւ Լեւոն Երանոսյանի մոտ: Հունան Պողոսյանն ասաց՝ չիպդ հանիր, տուր: Ես տեսել եմ ոնց են ապարատ ջարդում, ափսոսեցի, չիպը տվեցի: Մտածում էի, որ պետք է լինի առերեսում, հերքեն, բայց իմ առաջին ցուցմունքից հետո էլ ոչ մի գործ չեն անում, ոչինչ չի կատարվում»:
Ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանն էլ պատմեց, որ Բաղրամյան պողոտայի դեպքերի ժամանակ իր տեսախցիկն են վերցրել՝ հիշողության քարտով. «Կես օր անց զանգում են, ասում են՝ կամերադ մեր մոտ է: Քարտս տվեցին, բայց արդեն արժեզրկվել էին նկարներս, արդեն տեղեկատվական դաշտում տարածվել էին բազմաթիվ նկարներ: Փոխհատուցել են նաեւ իմ կոտրած ակնոցը, բայց ես հետ չեմ կանգնել, որովհետեւ իշխանությունը պետք է հասկանա, որ պետք է պատժվեն դրա համար: Ուզում եմ հասկանալ, որ մենք էշի ականջում չենք քնել»:
Թեհմինե Ենոքյանը պատմեց, որ այդ դեպքերի ժամանակ խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությունը. «Մի քանի անգամ փորձ են արել մեքենա մտցնելու, չհաջողվեց»:
Նա քննիչների աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ որակեց: Ասաց, որ իր տված հարցերին չեն պատասխանում. «Տեսանյութ եմ ուղարկել, անգամ չգիտեմ՝ դա փորձաքննության ենթարկվե՞լ է, թե՞ չէ»:
Հետաքրքիր է, որ այս քրգործում տուժողներ կան, բայց կասկածյալներ, մեղադրյալներ չկան: Սա նշանակում է, որ քննիչները անվերջ կարող են ձգձգել գործը:
Ի դեպ, «Ա1+»ի լրագրող Մարինե Խաչատրյանի գործն էլ հասել է Վճռաբեկ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվել է գործն ուղարկել եվրոդատարան, սակայն լրագրողը հրաժարվել է: Մարինե Խաչատրյանն ասաց՝ «անձնական պատճառներ ունեի», թե որոնք էին այդ պատճառները՝ չցանկացավ պարզաբանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ