Այսօր դատարանի որոշմամբ կալանավորված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը անուղղակի կապ է ունեցել նաեւ 1994 թվականի դեկտեմբերին ՀՅԴ կասեցման պատճառ դարձած «Դրո» ահաբեկչական խմբի գործին:
«Նա անուղղակի մի դրվագով առնչվում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Մեր հարցին, թե ինչ անուղղակի դրվագով է առնչվել հայտնի այդ գործին, պարոն Եղիազարյանը չցանկացավ մանրամասնել. «Չեմ կարող մանրամասնել, անիմաստ եմ համարում, որովհետեւ իմ ցանկացած ասած բառը ավելորդ բեռ է դառնալու Ժիրայրի համար, որի միտքը չունեմ: Նա էպիզոդիկ անուղղակի է առնչվել, իսկ էպիզոդիկ անուղղակի 300-400 մարդ է առնչվել»:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Դրոյի գործը» բացահայտվել է 1994թ. դեկտեմբերին, երբ բացահայտվել է Բեյրութ-Երևան-Մոսկվա երթուղով 5 կգ հերոինի փոխադրումը, ինչից հետո բացահայտվել են նաև Ներսիսյան ամուսինների («Քերոբ» գործողություն) ու «Դրոյի» պատժիչ խմբի ղեկավար Գագիկ Սահակյանի («Թոփ-1» գործողություն) սպանությունները:
Ի դեպ, 1991թ. պատժիչ խմբի ղեկավար Գագիկ Սահակյանը ծեծի միջոցով պատժել է Նաիրի Հունանյանին` սկաուտներին պատկանող համակարգիչները գողանալու համար:
Դաշնակցության հետ «Դրո» խմբի կապն ապացուցում է նաև գործով դատապարտված Արսեն Արծրունու կազմած «Տնտեսական բաժնի զեկույցը»: Դատարանն ապացուցված է համարել, որ Արսեն Արծրունին իր տնտեսական զեկույցը (կոդավորված) պատրաստել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի համար:
Հաստատվել է նաև, որ «Դրո» խմբի ստեղծման առաջարկն արած Յուրա Սարգսյանը ՀՅԴ բարձր օղակներում հայտնվել է Հրայր Կարապետյանի և Հրանտ Մարգարյանի միջոցով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ