Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխնախարարը՝ թատրոնի տնօրենին հովանավորելու մասին. «Թյուրիմացություն է, բայց եթե խոսում են, թող խոսեն»

Հունիս 22,2016 20:35

Aravot.am-ը մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց՝  ինչպե՞ս կլուծվի Կամերային երաժշտական թատրոնի ճակատագիրը, որի գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել, իսկ խորհրդի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը իրավիճակը փակուղային որակել:

«Հարցն ինչո՞ւ եք այդպես ճակատագրական ձեւով տալիս, ի՞նչ խնդիր է եղել, ընդամենը ստեղծագործական կոնֆլիկտ է, ես այսօր էլ եմ հանդիպել կոլեկտիվի անդամներին, խոսել, երկու օր առաջ նախարարն էր կանչել եւ տնօրենին, եւ գեղարվեստական խորհրդի անդամներին, կոչ արեցինք միմյանց հետ աշխատել, մանավանդ այդ ամենի հիմքում ստեղծագործական բնույթի վեճեր են: Այսօր կոլեկտիվի անդամների հետ եմ զրուցել, հիմնականում դերասանների հետ, բացատրել եմ տնօրենի լիազորությունները, որոնք են, գեղարվեստական խորհրդի անդամների լիազորությունները, առաջարկել եմ գնալ, աշխատել, մանավանդ առաջիկայում  նոր ներկայացում ունեն»,-ասաց փոխնախարարը:

Արթուր Պողոսյանի հետ զրույցում մեջբերեցինք թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Արա Խզմալյանի այն դիտարկումը, որ ստեղծագործական կառույցների տնօրեններ նշանակելու հարցում լուրջ վերանայումների կարիք կա, միայն հարցաշարը բավարար չէ, պետք է նկատի ունենալ վաստակը, փորձը, նախագծեր իրականացնելու փորձառությունը եւ կրթությունը:

«Ես տեղյակ չեմ, չեմ լսել, թե ինչ է ասել պարոն Խզմալյանը, բայց կասեմ, որ տնօրենների նշանակման հստակ կարգ կա՝  տնօրենները պետք է վարչական աշխատանքի հմտություններ ունենան եւ համապատասխան ոլորտին հարիր կրթություն:Եթե կոնկրետ ուզում ենք մեկնաբանել տնօրենի կրթությունը, դա այլ խնդիր է, բայց Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը, ըստ կարգի է նշանակվել, եւ կարգի հետ կապված բացարձակ խնդիր չկա»,-պատասխանեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն կարծիքին, որ հենց ինքն է Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի հովանավորը եւ նրան այդ պաշտոնում պահողը, մեր զրուցակիցը չցանկացավ մեկնաբանել եւ թյուրիմացություն որակեց՝ ասելով. «Ես էլ եմ լսել, որ նման բաներ են խոսում, թող  խոսեն, իսկ նախարարության մոտեցումն ընդհանրապես այն է, որ թատրոններում առողջ մթնոլորտ լինի, որպեսզի թատրոնները առողջ ստեղծագործական աշխատանք տան, մենք միշտ դեմ ենք ներքին խժդժություններին»:

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանն այսօր ողջ օրն անջատել էր բջջային հեռախոսը, երբ մի կերպ կապվեցինք նրա հետ, հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություններ անել, թեեւ նախկինում միշտ էլ պատրաստակամ է եղել ցանկացած խնդրի վերաբերյալ հեռախոսով պատասխանել մեր հարցերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930