Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հռոմի պապն ուղերձ է հղել Հայաստան այցին ընդառաջ (Տեսանյութ). «Արմենպրես»

Հունիս 22,2016 20:30

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ է հղել Հայաստան այցին ընդառաջ: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ.

«Սիրելի եղբայրներ և քույրեր, մի քանի օր անց ես մեծ ուրախությամբ կլինեմ ձեր մեջ, Հայաստանում:

Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար: Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ, իրականացնելու համար ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից:

Գալիս եմ դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր, մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեզ հետ և կիսելու բարեկամության պարգևը: Ձեր պատմությունը և ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք և վիշտ: Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ` այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա: Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին: Նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք: Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո չհոգնեց դեպի երկինք հայացք նետելուց և մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչև որ նա չվերադարձավ ձիթապտղի մատղաշ տերևով:

Դա նշան էր, որ կյանքը կարելի էր վերսկսել և հույսը պետք է հարություն առներ: Որպես Ավետարանի ծառա և խաղաղության սուրհանդակ ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին և միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում: Թող որ ձեր ժողովրդի մեծանուն սրբերը` մասնավորապես Եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացին, օրհնեն մեր հանդիպումները, որոնց սպասում եմ վառ ցանկությամբ: Հատկապես, սպասում եմ իմ եղբայր Գարեգինին կրկին գրկելու և նրա հետ միասին նոր թափ հաղորդելու դեպի լիակատար միություն տանող ուղուն: Անցյալ տարի Հռոմ էիք եկել աշխարհի տարբեր երկրներից և Սուրբ Պետրոսի շիրմաքարի մոտ բոլորս միասին աղոթեցինք: Հիմա ինքս եմ գալիս ձեր օրհնյալ երկիր մեր հաղորդությունը ամրապնդելու, հաշտեցման ուղով առաջ շարժվելու և մեզ հույսով քաջալերելու համար:

Շնորհակալություն և ցտեսություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930