Հոտնկայս ծափահարություններով այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:
Ինչպես մեղադրյալ Գեւորգ Սաֆարյանը խոստացել էր, նա այսօր ոստիկան վկա Վարդան Ապրեսյանին ներկայացրեց իր հարցերը:
Ըստ վկա ոստիկանի, դեպքի օրը ակցիայի մասնակիցները հայհոյել են ոստիկաններին, հարվածել, իրեն մարմնական վնասվածքներ բաժին չեն հասել, բայց պատռվել էր տաբատը:
Միջադեպի ավարտից հետո ի՞նչ արեցիք, ինչքա՞ն մնացիք այդ տարածքում, ո՞ւմ հետ եւ ո՞ւր գնացիք Գեւորգ Սաֆարյանի հարցին, ոստիկանն ասաց՝ քանի որ տաբատը պատռվել էր, ինքը շուտ հեռացել է: Նա նաեւ պատմեց, որ տեսել է տուժող Գեղամ Խաչատրյանի վնասվածքները՝ նրա ունքը պատռված էր:
Մի շարք այլ հարցերի ոստիկանը պատասխանեց՝ չեմ հիշում, դատական նիստի մասնակիցներն էլ հեգնեցին՝ ամնեզիա:
Կարդացեք նաև
Մասնակիցներից մեկն էլ դատարանին դիմեց՝ ասելով պետք է վկա, որ ամեն ինչ հիշի, թե չէ ում է պետք վկան, որը ոչինչ չի հիշում:
Վկայի պատմելով, իրենք հատուկ միջոցներ չեն ունեցել իրենց հետ եւ ինքնապաշտպանվելու նպատակով քաղաքացիների հարվածներին պատասխանել են ձեռնամարտի հնարքներով:
Ինչո՞ւ հաղորդում չեք տվել հանցագործության մասին հենց միջադեպից հետո, եթե պնդում եք, որ ակցիայի մասնակիցները ձեզ հարվածել են Սաֆարյանի հարցին, վկան ասաց՝ մարմնական վնասվածք ինքը չի ստացել, դրա համար էլ հանցագործության մասին հաղորդում չի տվել:
Սաֆարյանի դիտարկմանը, թե եթե հարվածում էին քրեական հանցագործություն չէ՞ր, ոստիկանն ասաց, որ գրեթե բոլոր հանրահավաքներին քաղաքացիների հետ բախում է լինում, հո անընդհատ հանցագործության մասին հաղորդում չեն տալու:
Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ վկան հորինված ու սուտ վկայություն է տալիս, հետո իր պաշտպանի հետ պնդեցին, որ վկայի ցուցմունքում հակասություն կա. «Դուք ասում եք, թե բռունցքով ոչ մեկի չեք հարվածում, իսկ տեսագրությունում Վահրամ Պետրոսյանին մոտեցել եք թիկունքից ու հարվածներ հասցրել առաջինը, մինչդեռ ասում եք, որ Գեղամ Խաչատրյանին հարվածելուց հետո եք մոտեցել քաղաքացիներին ու ուժ կիրառել»:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հրապարակեց վկա Վարդան Ապրեսյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը` մանրամասն ներկայացնելով վկայի դատաքննության եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հակասությունները:
Հակասությունները ներկայացնելուց բացի, փաստաբանը ներկայացրեց ապացույցներ գործի նյութերից, որ վկան միաժամանակ մասնակցել է երկու հարցաքննությունների` մի դեպքում նշված է, որ 15:30-ին է ավարտվել հարցաքննությունը, մյուս դեպքում էլ նշված է, որ վկան նույն օրը 15:25 մասնակցել է մեկ այլ հարցաքննության:
«Ըստ գործի նյութերի, պարզվում է, որ վկան համագործակցել է քննիչների հետ եւ նախապես մշակված սցենարով միաժամանակ հարցաքննություն է տվել երկու մարմինների»,- հավելեց փաստաբանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ