«Թևան Պողոսյանի և Ռուբեն Հակոբյանի առաջարկած նախագիծը տարբերակներից մեկն էր, և կառավարությունն ուներ իր տեսակետը, որի մասին մի քանի անգամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց հարց ու պատասխանի ժամանակ. հիմա դա իր հերթական փուլում է»,- «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախագծի հիման վրա կառավարության պատրաստած նոր փաթեթի` 18 տարեկան բոլոր տղաներին բանակ զորակոչելու վերաբերյալ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ նախագիծը կրկին հետ էր ուղարկվել լրամշակման, այժմ էլ ԿԳ նախարարություն:
Նախարարը հավելեց, որ ամփոփվում են վերջնական արդյունքները, և մոտ ժամանակներս նախագիծը կմտնի կառավարության նիստ:
Մեր այն հիշեցմանը` Թևան Պողոսյանը դժգոհություն էր հայտնել նախագծի ձգձգման համար՝ նշելով, որ կառավարության խոստացված մեկ շաբաթից անցել են շաբաթներ, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Ոչ, չի ձգձգվում, ընթացքի մեջ է և բազմաթիվ ճակատագրեր լուծող փաստաթուղթ է»:
Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչպիսի՞ն է նախարարի վերջնական դիրքորոշումը. «Ես արդեն հստակ ասել եմ՝ մենք այդ խնդիրը լուծել ենք: 6000 ուսանող արդեն զորակոչվում են բանակ: Մեր դաշտն այնպիսին է, որ միատեսակություն է ենթադրում, այսինքն` չի կարելի բացատրել, որ մի կուրսում 20 երեխա ընդունվում է, 16-ը զորակոչվում են 4-ը մնում են, որովհետև քննություններին կարող են կես միավորի տարբերություններ լինել: Դրա համար մենք մեր տարբերակն ենք առաջարկել, որի մասին ես բազմիցս նշել եմ»:
Կարդացեք նաև
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ