«Մեր հիմնական նպատակը որակյալ կրթությունն է: Մինչև մեր հանրակրթական հաստատություններում մենք այդ որակյալ կրթությունը չստանանք, խոսել որակի մասին անիմաստ է: Քանի որ այսօր մեր հաստատված աշխատատեղերից պահանջարկը շատ ավելին է, քան կրթական հաստատությունները կարողանում են առաջարկել»,- այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի՝ Սինոփսիս Արմենիա ընկերության գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ այցելության ժամանակ ասաց Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսաելյանը:
Նա հավելեց, որ իրենց մոտ նեղ մասնագիտությամբ ստացած կրթության համար, չկա անհրաժեշտություն երկիրը լքել, և աշխատանք փնտրել արտերկրում.« Մեր ոլորտի զարգացման կարևորագույն խնդիրը որակի զարգացումն է: Մոտ 3-4 հազար որակյալ կադրերի պակաս ունենք, ու այդ բացը պետք է լրացնեն բուհերը: Ու միայն որակյալ կրթության միջոցով կարելի է այդ բացը ապահովել: Եթե ինձ երեք հարց ասեն, ես երեք անգամ էլ կասեմ որակյալ կրթություն: Եթե դա լինի, տրանսնացիոնալ ընկերությունները կգան մեզ մոտ,կզարգանա IT ոլորտը, և ստարտափները կշատանան»:
Նշենք, որ նախարարը շրջայց կատարեց կենտրոնում, որից հետո տեղի ունեցավ նրա հանդիպումը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի հետ:
Կարդացեք նաև
Նախարարի խոսքով՝ մենք գործ ունենք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության հետ, որը երբեք իրեն թույլ չի տա անորակ կրթական արդյունքի վրա քաղաքականություն կառուցել.« Ցավոք սրտի նման օրինակները ՀՀ-ում դեռևս շատ չեն, պետք է ամեն ինչ անել, որ գիտություն համալսարան և բիզնես կապը ուժեղանա, ամրապնդվի և դառնա գործնական: Այսօր մենք նաև պետք է հանդիպում ունենանք մեր գործարար ընկերների շրջանակների ներկայացուցիչների հետ: Իհարկե, մեր գործարար ներուժը դեռևս այն հզորությունը չունի, որ ինքը կարողանա նմանատիպ ծրագրեր իրականացանել Սինոփսիսի նման, բայց որ կարող է սկիզբ ձևավորել և ունենալ իսկապես գիտակրթական կլաստերներ,որտեղ կկարողանանք երեխային վերցնել նույնիսկ ավելի ցածր մակարդակից և փուլ առ փուլ հասցնել ինչ-որ կետի, սա միանշանակ է»:
Նախարարը վստահեցրեց, որ սա հնարավորություն է, ցույց տալ նաև մեր հասարակությանը, որ այս գաղափարը մրցունակ է.« Ճարտարագիտական Սլավոնական և Երևանի պետական համալսարաններն արդեն լուրջ բազային հեռանկարներ ունեն այս ընկերության հետ իրենց աշխատանքային գործընթացը շարունակելու: Սա նշանակում է, որ հարյուրավոր երեխաներ դուրս չեն գա Հայաստանից և կկարողանան միջազգային նորմալ որակի աշխատավարձ ստանալ՝ այստեղ ապրելով»:
Հովիկ Մուսաելյանը վստահեցրեց, որ իրենց մոտ, ըստ էության, Ճարտարագիտական համալսարանի լավագույն ուսանողներն են, որոնք երրորդ կուրսից արդեն չորս տարի սովորում են Սինոփսիս Արմենիայում: Նա ավելացրեց, որ քննարկման ժամանակ նախարարին ներկայացնելու են նաև երրորդ սերնդի տեխնիկական համալսարանի ծրագիրը, թե ինչ վիճակում է այն այժմ.« Համաձայն այդ ծրագրի, որին կառավարությունը հավանություն է տվել, բոլոր ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցույթունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են պարտադիր առարկա: Այսօր քննարկելու ենք նաև այն դպրոցների ցանկը, որոնք այս տարի կմիանան նաև ծրագրին: Մինչ այժմ հինգ դպրոցներում են եղել, այս տարի նախատեսում ենք ևս տասը դպրոց»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ