Քիչ առաջ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն դատարանում հետնամուտքի մոտից «Հայ կանանց ճակատի» անդամներ Սյուզան Սիմոնյանին եւ Անուշ Կարապետյանին ոստիկանական մի մեծ խումբ ուժ գործադրելով նստեցրին ոստիկանական մեքենան եւ տարան: Այս կանայք դատարանի հետնամուտքի մոտ էին կանգնել, որտեղից Ժիրայր Սեֆիլյանին ոստիկանական մեքենայով պետք է դատարանից դուրս հանեին:
Կարդացեք նաև
Մինչ այդ Սյուզան Սիմոնյանը պառկել էր այդ մուտքից դուրս եկող ոստիկանական մեքենայի առջեւ` կարծելով, որ մեքենայում Սեֆիլյանն է: Երբ ոստիկանները տեղեկացրին, որ սա Սեֆիլյանին տանող մեքենան չէ, կանայք նոր միայն ճանապարհը բացեցին:
Այս միջադեպից հետո, դատարանի բակում հսկողություն իրականացնող ոստիկանները հավելյալ օգնող ուժեր կանչեցին, այդ թվում նաեւ կարմիր բերետավորներ, որոնք էլ այդ կանանց միանգամից հարկադիր կերպով տարան: Ի դեպ, մի քանի կանանց էլ քաշքշեցին, բայց նրանց չհաջողացրին տանել:
Հիշեցնենք, որ այս պահին դատարանում ընթանում է Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել-չկալանավորելու դատական նիստը:
Մեր տեղեկություններով` կանանց տարել են Ոստիկանության Զեյթունի բաժին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ