Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խնդիրն է ամրապնդել գիտություն-կրթություն-բիզնես կապը. Լևոն Մկրտչյան

Հունիս 22,2016 18:40

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է  Սինոփսիս Արմենիա  ընկերության  գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ:  Նախարարը շրջայց  է կատարել ուսումնական դեպարտամենտում, որտեղ այդ պահին  ընթանում էր բակալավրական կուրսում սովորողների դասապրոցեսը:

Սինոփսիս  Արմենիայի ուսումնական դեպարտամենտում հիմնականում ընդգրկված են   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԵՊՀ-ի և  այլ  բուհերի ՏՏ ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողներ: Նրանք բուհին զուգահեռ մրցութային կարգով ընդունվել և սովորում են ընկերության ուսումնական կենտրոնում, որը բուհական բազային կրթությանը համընթաց նրանց համար լրացուցիչ  կրթություն է և նպաստավոր կլինի բարձրակարգ ՏՏ մասնագետ դառնալու  հարցում: Նրանցից ոմանք արդեն աշխատում են Սինոփսիս Արմենիա ընկերությունում: Նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել ուսումնական ծրագրերի բովանդակության և երիտասարդների ապագա  մտադրությունների  մասին:

Նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատությունների և  տարբեր ոլորտներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների համագործակցությունը՝ շեշտելով, որ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու այլ ճանապարհ չկա. «Մենք պետք է հասկանանք, թե տնտեսությունն ինչ խնդիրներ է դնում կրթական համակարգի առջև. մենք ձևավորում ենք պարզ ու ընթացիկ տեխնոլոգիաների՞ վրա հիմնված   կրթակարգ, թե՞ մեր կրթական համակարգն իր մեջ պետք  է ներուժ ունենա  լուծելու խորը ինժեներական և  գիտական հարցեր: Հատկապես, եթե մենք ընտրում ենք երկրորդ ճանապարհը, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնենք բազային կրթության որակին: Մասնավոր տնտեսվարողները, որպես կանոն իրենց գործընկեր բուհերն ընտրելիս, հիմնվում են առաջին հերթին բազային կրթության արդյունքների վրա: Կոնկրետ Սինոփսիսի դեպքում մենք գործ ունենք միջազգային ճանաչում ունեցող ընկերության հետ, որն երբեք իրեն թույլ չի տա իր բիզնեսի քաղաքականությունը կառուցել  ոչ որակյալ կրթական արդյունքի վրա: Մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ, որպեսզի գիտություն-կրթություն-բիզնես  կապն ամրապնդվի և բուհերի ու  տնտեսվարողների  համագործակցության կոնկրետ օրինակներն ավելի ու ավելի շատանան, դրանք, ցավոք, այսօր քիչ են,- նշել է Լ. Մկրտչյանը  և շարունակել,- Մենք խրախուսում ենք մասնավոր ընկերություններում գիտակրթական կլաստերների ստեղծումն ոչ միայն բուհական, այլև ավելի ցածր  կրթական մակարդակներում՝  դպրոցում և միջին մասնագիտական հաստատություններում»:

ԿԳ նախարարը հավելել է, որ բուհերն ու պետությունը չեն կարող ամբողջությամբ իրենց վրա վերցնել տեխնոլոգիական կրթության ապահովման խնդիրը, քանի որ դրա համար առկա ռեսուրսները բավարար չեն: Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ   տնտեսվարողներն ևս զգում են կրթական համակարգի հետ համագործակցության անհրաժեշտությունը:

ՏՏ ոլորտում առկա կադրային մեծ պահանջարկը, մասնավորապես 4000   մասնագետի պահանջարկի խնդիրը,  ԿԳ նախարարի համոզմամբ կարող է լուծվել երկու ճանապարհով՝ շուկայի ընթացիկ պահանջարկը, որտեղ նախատեսվում է   հիմնականում աշխատել տեխնոլոգիաներով, կարող  է լրացվել նաև միջին մասնագիտական համակարգի կադրային ռեսուրսով: Այն կլուծի նաև սոցիալական խնդիր՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի բարձր վարձատրությունը: Առավել բարձրակարգ մասնագետների պատրաստման խնդիրը, որտեղ մենք ունենք գիտական ակնկալիքներ պետք է լուծեն առաջատար բուհերը. “Խոսքն այս դեպքում շատ բարձր որակի մասին է, որովհետև որակը դառնում է նաև թելադրող աշխատաշուկայի համար: Այդ տեսանկյունից մենք, բացի աշխատաշուկայի ընթացիկ խնդիրները լուծելուց,  կարևորում ենք նաև խորքային և երկարատև համագործակցությունը”,- նշել է Լ. Մկրտչյանը:

Սինոփսիս Արմենիա ընկերության  տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարին ներկայացրել է ընկերության ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմանները:

Այցի ավարտին ԿԳ  նախարարը հանդիպում է ունեցել նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի  անդամների հետ, որտեղ քննարկվել են  կրթական համակարգի և  ՏՏ ընկերությունների համագործակցությանն առնչվող  գործնական հարցեր:

ՀՀ ԿԳ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ճոռոմ-ճոտոմ խոսքեր…
    Բավական է, արդեն տեսել ենք տվյալ նախարարի փառահեղ աշխատանքը: Ընդհանրապես, եթե ավելի դիպուկ նկարագրենք իրավիճակը, գիտությունը Հայաստանում մեռած է սրա նմանների շնորհիվ: Պատմաբանը ինչ կապ ունի գիտության հետ? ամենայն լրջությամբ համարում եմ նրան “ոչ կոմպետենտ” Ինչպես նաև շատ շատերին Հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930