ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց. Իր մտքի գոհարներով հայտնի Ադրբեջանի նախագահականի պաշտոնյա Նովրուզ Մամեդովը հանդես է եկել պետերբուրգյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններով։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
Էդվարդ Նալբանդյան. Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։
Կարդացեք նաև
Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար։
ՀՀ ԱԳՆ
Ճիշտն ասած, մեր իշխանավորներին ես չեմ հավատում: Այստեղ մի բան այնպես չէ: