«Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ ապօրինի գործողություններ իրականացնելը եւ շինծու մեղադրանքների առաջադրումը դժվարացնում է «Նոր Հայաստանի» եւ Շուշիի առանձնակի գումարտակի աշխատանքը»: Այս մասին հունիսի 22-ին «Հիմնադիր Խորհրդարան»-ի գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Սեֆիլյանի կողմից ղեկավարվող Շուշիի առանձնակի գումարտակի հ/կ-ն կամավորականներ է հավաքագրում, որպեսզի անհրաժեշտության դեպքում ազատագրական գործողություններ իրականացնեն, մինչդեռ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում հրաժարվեց գերագույն գլխավոր հրամանատարի պարտականություններից եւ ասեց` ով ուզում է` թող գնա ազատագրի»,-նկատեց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ Սեֆիլյանի տան խուզարկությամբ եւ ձերբակալությամբ վնաս են հասցրել «Նոր Հայաստան»-ին. «Առգրավված համակարգիչներում կան անդամագրվածների եւ համակիրների բազաներ: Վարուժան Ավետիսյանի համակարգիչը որեւէ կապ չէր կարող ունենալ այս ամենի հետ… Եթե նա այդ պահին այդտեղ չլիներ, նրա համակարգիչը չէին վերցնի: Այսինքն, իշխանության խնդիրն ուղղված էր նաեւ սահմանափակելու բոլոր այն գործողությունները, որոնցում Սեֆիլյանը ներգրավված էր: Նրա փաստաբանը ցանկանում էր խուզարկության ժամանակ մուտք գործել տուն, բայց չեն թողել: Դա արդեն կոպտագույն խախտում է»:
Արմեն Մարտիրոսյանի բնորոշմամբ` Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը հարվածում է նաեւ Հայաստան-Սփյուռք կապերին. «Որերորդ անգամ ապօրինի, անիմաստ ազատազրկում են Սեֆիլյանին: Այսինքն, նրանց պետք չեն ազնիվ եւ պայքարող սփյուռքահայերը, այլ միայն սփյուռքի փողերն են պետք»:
Կարդացեք նաև
Մարտիրոսյանի դիտարկմամբ` ինչ-որ կապ գոյություն ունի «կախարդական» մայիսի 20-ի եւ Սեֆիլյանի ձերբակալության` հունիսի 20-ի միջեւ. «Եթե մայիսի 20-ին այդ մարդկանց ձերբակալել են, մեկ ամիս ուղղակի հարմար պահի՞ են սպասել` Սեֆիլյանին ձերբակալելու համար: Կարող էին ամսի 21-ին ձերբակալել: Ինչ-որ նպատակով այդ թիվը «կախարդական» է դարձել: Պլանավորված սցենար է եղել, որը եւ կար նախորդ տարի` զինված խմբի դեպքում: Շրջանառվում էր, որ բանդայի ետեւում ընդդիմադիրներ են կանգնած եւ սլաքն ուղղում էին Սեֆիլյանի վրա»:
Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` որեւէ հերոս չպետք է ապօրինի քաղաքական հալածանքի ենթարկվի. «Ակնհայտ է Սեֆիլյանի ասածը, որ օր առաջ պետք է իշխանություններից ազատվել, որ քաղաքական գործիչները հանգիստ քաղաքականությամբ զբաղվեն: Բիզնեսն էլ իր բիզնեսն անի, ոչ թե օլիգարխիկ կառույցներով գործի»:
Ինչ վերաբերում է Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվածներին, Արմեն Մարտիրոսյանի խոսքով. «Ցանկացած մարդու կարելի է ահաբեկել, կաշառք տալ եւ համապատասխան ցուցմունքը ստանալ: Գործը «կարել» են…»:
Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի մասին` այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ