Մարտի 13-ին 64-ամյա Վարդգես Երեմյանը իր «Օպել» մակնիշի մեքենայով բախվել էր Գյումրու կենտրոնական զբոսայգու՝ «Գորկու սադի» դիմաց գտնվող Ջիվանու ու Շերամի արձաններին ՝ջարդուխուրդ անելով դրանք: Գյումրու քաղաքապետարանն էլ վերանորոգման համար արձանները հանձնել էր հեղինակին՝ քանդակագործ Արտուշ Պապոյանին:
Այսօր քանդակագործի արհեստանոցից տեղափոխեցին ու տեղադրեցին աշուղների վերանորոգված արձանները:
Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչքա՞ն գումար նստեց արձանախմբի վերանորոգումը քաղաքային բյուջեի վրա, ասաց, որ պատրաստվում են դատի տալ վարորդ Վարդգես Երեմյանին: Բանն այն է, որ արձանների վերանորոգումը հաշվարկվել է 3 միլիոն 658 հազար դրամ, սակայն «Սիլի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը վարորդի հասցրած վնասի դիմաց հատուցել է գումարի մի մասը՝ 1 միլիոն 800 հազար դրամը: Գյումրու քաղաքապետարանը կդիմի դատարան՝ մնացած գումարը վարորդից գանձելու պահանջով: Հայցն արդեն իսկ պատրաստ է:
Վաղարշակ Մխիթարյանը նշեց, որ պատվանդանը նույնպես կառուցվել է համայնքի միջոցներով: Նա նաեւ տեղեկացրեց, որ ըստ հետաքննական մարմնի տվյալների, արձանախումբը վնասած վարորդը խմած է եղել:
Կարդացեք նաև
Այժմ պատվանդանը բարձրացրել են, որպեսզի նման դեպք այլեւս չկրկնվի:
Քանդակագործ Արտուշ Պապոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արձանախումբը վերանորոգելը ոչ թե ժամանակատար էր, այլ ծախսատար: Քանդակագործի աշխատանքի գումարն ամբողջապես չի փոխանցվել:
Նա ասաց, որ արձանախումբը ռեստավրացիայի է ենթարկել ապահովագրական ընկերության վճարած 1 միլիոն 800 հազար դրամի սահմաններում, մինչդեռ նախահաշվով իրեն պիտի վճարեին 2 միլիոն 700 հազար դրամ: Ըստ քանդակագործի, ստացվում է, որ իր աշխատանքն անվճար է կատարել, միայն նյութերի ծախսն են տվել: «Կարելի է ասել սա աշուղների երկրորդ մուտքն է Գյումրի»,-ասում է քանդակագործը՝ կատակելով, թե ստենդավորեցի աշուղներին ու բերեցի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ