Լրահոս
Օրվա լրահոսը

Կմնա ձեր խղճի վրա. Ղազախստանի դեսպանը՝ Նազարբաեւի նկարները Հառիճ գյուղից աղբամանը նետելու մասին

Հունիս 22,2016 16:38

Ապրիլյան պատերազմից հետո տեսնելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հակահայկական կեցվածքն ու հայտարարությունները, Էրդողանի հետ ջերմ գրկախառնությունները Թուրքիայում, Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչները սկսեցին մեկ առ մեկ պոկել Նազարբաեւի անվան փողոցի ցուցանակները ՝ այդպես արտահայտելով իրենց վրդովմունքը:

Lragir.am-ի հետ զրույցում Հառիճի գյուղապետն ասել էր, որ Նազարբաեւի այն խոսքերից հետո, թե հայերը սպանում են մեր եղբայրներին, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, գյուղի գրադարանում ղազախական անկյունից հանել են Նազարբաեւի բոլոր նկարներն ու նետել ուղիղ աղբամանը:

Timur Urazayev 3ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ Դուք գիտե՞ք, որ Շիրակի մարզի Հառիճ գյուղում Նազարբաեւի նկարները շպրտել էին իր հակահայկական պահվածքից հետո՝ պատասխանեց. «Շպրտել ասածը մի քիչ սուր է: Մենք ենթադրում ենք, որ այդ գործողությունները՝ փողոցի ցուցանակները հեռացնելու եւ այլն, դա սուվերեն իրավունքն է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ իշխանական որոշ մարմինների: Դա իրենց իրավունքն է, մենք որեւէ կերպ դրան չենք արձագանքում: Եթե համեմատենք, Ղազախստանում երբեք որեւէ փողոց չեն վերանվանել այդպես աղմուկով, այսպես նվաստացուցիչ կերպով: Փողոցների սովետական անունները մեզ մոտ էլ են փոխվել, բայց դրանք արվել են բացառապես օրենքի հիման վրա ու շատ հանգիստ, դանդաղ գործընթացով: Մենք դա երբեք ցուցադրաբար չենք արել:

Եվ հետո, ես կարծում եմ, այն, ինչ արվեց այստեղ, այնքան էլ իմաստուն որոշում չէր, որովհետեւ մենք երբեք չենք միջնորդել այդ փողոցը Նազարբաեւի անունով կոչելու համար եւ չենք էլ միջնորդի հակառակ որոշման համար: Մենք որեւէ կերպ չենք արձագանքել ու չենք էլ պատրաստվում արձագանքել: Դա ավելի շատ այն մարդկանց խղճի վրա կմնա, որոնք նման որոշում կայացրեցին»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ղազախստանում Սերժ Սարգսյանի անունով փողոց կա՞՝ դեսպանը մի տեսակ նեղացած պատասխանեց, որ ոչ:

Նազարբաեւի՝ Ադրբեջանի նկատմամբ սիրո, հակահայկական քաղաքականության մասին դեսպանի բացատրությունները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930