«Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամները Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը համարում են «նոր քաղաքական խեղկատակություն` անհիմն մեղադրանքով»:
«Սեֆիլյանն ապրիլյան պատերազմից հետո միակ քաղաքական գործիչն էր, որ համարձակություն ունեցավ բարձրաձայնել իրական տարածքային կորուստների հարցը, որից հետո պետական քարոզչամեքենան հարձակում սկսեց նրա վրա, փորձեցին վարկաբեկել: Մեկ շաբաթ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդ տարածքային կորուստները դեռ մի բան էլ ավելի են»,- հունիսի 22-ին «Հիմնադիր Խորհրդարան»-ի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գարեգին Չուգասզյանը:
Նրա բնորոշմամբ` Ժիրայր Սեֆիլյանն ապրիլյան պատերազմի դավադրության վարագույրը բացեց` ցույց տալով, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է Արցախի տարածքային ամբողջականության շուրջ ՀՀ պարտավորությունից, չի մոբիլիզացնում ժողովրդին եւ իր գործունեությամբ նպաստում է հակառակորդի ամրապնդմանը. «Այն, որ Սեֆիլյանը ստանձնեց հանձնած տարածքները վերցնելու գործընթացը, չէր կարող անտեսվել Բաղրամյան 26-ի կողմից: Եթե Սեֆիլյանի հանդեպ քաղաքական ուժերի աջակցություն չլիներ, Բաղրամյան 26-ը չէր գնա այս քայլին»:
Հիշեցնենք` մամուլը գրել էր, որ հայտնի են Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձանցից երկուսի անունները: Չուգասզյանն ասաց, որ «Հիմնադիր Խորհրդարանում» նրանց չեն ճանաչում. «Մյուս կալանավորվածների մասին տեղեկությունները եւս փակ են պահում: Մեր շրջապատից ինչ-որ մեկը չի կորել համենայն դեպս: Հազարավոր մարդիկ որպես կամավոր շփվում են Սեֆիլյանի եւ մեր հետ, բայց դա չի նշանակում, որ դրա հիման վրա խոստովանական ցուցմունքներով կարելի է ինչ-որ մեկին ձերբակալել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է զենքերին, խորհուրդ կտամ Լիսկաների արսենալները դատարկեն, իրենց տների արսենալները, հանցագործությունը` մարդասպանությունը, տեսագրված կա: Զինապահոց է առգրավվել, ոչ մեկը չիմացավ` ինչ եղավ դա եւ ոչ մեկը չասաց, որ Լիսկան պատրաստվում է զինված հեղաշրջում անել: Կամ էլ թող որոնեն 200 միլիոն դոլարի զենքերը, որոնք մնացին ճանապարհին»:
Չուգասզյանի համոզմամբ` բանտարկությամբ Սեֆիլյանին չեն կոտրելու. «Նրա համախոհները պետք է շարունակեն նրա գործը: Բանտից էլ կարելի է շարժումներ ղեկավարել: Ձեռնոց է նետված, մենք այն ընդունում ենք»:
«Հիմնադիր Խորհրդարանի» անդամը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում ՀՀ-ում եւ Սփյուռքում տեղի կունենան Սեֆիլյանի պաշտպանության ցույցեր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ