Մանկատան շրջանավարտների հետ աշխատում են համապատասխան մասնագետներ՝ հասարակությունում ինտեգրվելու համար: Այսօր «Մեդիա կենտրոնում» մանկատների շրջանավարտների առջեւ ծառացած խնդիրները Հայաստանում թեմայով քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
Ըստ Հայ օգնության միության ցուցանիշների, 2003-2012 թվականների ընթացքում մանկատան 151 շրջանավարտների միայն 10 տոկոսն է մշտական աշխատանք ունեցել, 66 տոկոսը գործազուրկ է եղել: Արդյոք գործատուները հրաժարվում են աշխատանքի ընդունել մանկատան շրջանավարտներին, թե մասնագիտական հմտություններ ձեռք բերելու խնդիր ունեն մանկատան երեխաները, ինչը նաեւ ազդում է հետագայում աշխատանք գտնելու համար:
Այս հարցին ի պատասխան տիկին Հայրապետյանն ասաց, որ ե՛ւ մանկատան ե՛ւ ընտանիքում գտնվող երեխաները կրթություն են ստանում եւ մասնագիտանում են նույն սկզբունքով, ինչը որ ձեռք են բերում ընտանիքում ապրող երեխաները. «Խնդիրը գործատուների հետ է կապված, եւ միայն մանկատան սաների հետ չէ այդ խնդիրը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քննարկման մասնակիցներից «Սոս մանկական գյուղեր» Հայաստան ազգային ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ մանկատան սաներին աշխատանքի չընդունելու խնդիրը միայն Հայաստանում չէ, որ առկա է. «Նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում խտրականություն կա նման երեխաների եւ սոցիալական խմբի նկատմամբ: Մի երկրում՝ շատ, մյուսում՝ քիչ: Դրա դեմ ոչ միայն պետությունը, այլեւ հասարակական կազմակերպությունները պետք է պայքարեն, իրազեկեն հանրությանը: Մեր փորձի վրա կարող ենք ասել՝ երբ երեխաները դիմում են աշխատանքի ընդունվելու համար, գործատուների մոտ կա կարծրատիպ՝ մանկատան երեխան, հազար ներողություն, կգա, մի բան կգողանա, կփչացնի»:
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ որոշ եվրոպական երկրներում պետությունը պարտադրում է կազմակերպություններին սահմանել քվոտաներ մանկատան երեխաներին աշխատանքով ապահովելու համար: Այսինքն, պետությունը պետք է փորձի վերամիավորել երեխաներին կենսաբանական միջավայրի հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանի խոսքերով էլ՝ ոլորտում կատարվող ներկայիս բարեփոխման քաղաքականությունն ուղղված է նրան, որ երեխան որքան հնարավոր է կարճ մնա մանկատանը, օր առաջ հանեն նրան մանկատնից, աշխատել կենսաբանական ընտանիքների հետ, որպեսզի հնարավոր լինի երեխային վերադարձնել ընտանիք, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է ընդգրկվեն խնամակալ ընտանիքների տարբեր տեսակներում:
Մանրամասն՝ տեսանյութում
Քննարկման մյուս մասնակից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանն էլ նշեց. «Օրենսդրական փոփոխությունների փաթեթ է շրջանառվում խնամակալների մասով, որով նախատեսվում է ընդլայնել խնամակալության տարատեսակները եւ դրանում ընդգրկվող պոտենցիալ երեխաների կատեգորիաները, հակառակ դեպքում մենք հետագայում լուրջ խնդիրներ կունենանք այդ երեխաների ճակատագրերի հետ կապված»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ