Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը խանդ չի ապրում ՌԴ-Ադրբեջան մերձեցումից». Խոսրով Հարությունյան

Հունիս 22,2016 15:26

«Հիմնական սպասելիքը պետք է պայմանավորված լինի հետեւյալ հանգամանքով: Դեռեւս ապրիլի 3-ին նախագահը հստակ խնդիր բարձրացրեց` չեն կարող լինել բանակցություններ, քանի դեռ դրանց խաղաղ գործընթացն ապահովված չէ»,-սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպման շուրջ սպասելիքներն այսպես է բնորոշում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Առաջիկա եռակողմ հանդիպումները մեկ խնդիր պետք է լուծեն` ապահովել բանակցությունների խաղաղ գործընթացի երաշխիքներ` մոնիթորինգի հնարավորությունների ընդլայնում, միջադեպերի հետաքննություն, որպեսզի միջնորդների դիրքորոշումը լինի հասցեական»,-հունիսի 22-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով հանդիպմանը ձեռք բերված` դիտորդների թվի ավելացման մասին պայմանավորվածությանը` նա նշեց. «Կարելի է ենթադրել, որ այս պայմանավորվածությամբ սայլը տեղից կշարժվի: Բացի այդ, հաշվի առնենք, որ ՌԴ-ն փորձում է վերականգնել կամ վերգտնել իր պատասխանատու հանձնառությունը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով: Ստանձնելով գլխավոր մոդերատորի դերը` նա ստանձնում է պատասխանատվություն` իր ռազմավարական հետաքրքրությունների գոտում խաղաղության ապահովման տեսանկյունից: Բազմիցս ասել ենք` հայկական կողմը խանդ չի ապրում ՌԴ-Ադրբեջան մերձեցումից, այն կարող է օգտակար լինել, եթե տեղի չի ունենում ՀՀ ազգային անվտանգության հաշվին»:

Aravot.am-ի նկատառմանը, թե ՌԴ-Ադրբեջան ռազմատեխնիկական գործակցությունն արդյոք չի սպառնո՞ւմ ՀՀ ազգային անվտանգությանը, Հարությունյանն ասաց. «Սպառնում է… ՌԴ-ն փորձելու է մասամբ փոխհատուցել անհավասարակշռությունը, որը գուցե պատճառ հանդիսացավ Ադրբեջանի համար դիմելու ապրիլյան արկածախնդրությանը»:

Հարությունյանը հավելեց, որ ռուսական զենքի մատակարարման ուղղությամբ ՀՀ-ն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում:

Անդրադառնալով Կիրո Մանոյանի կարծիքին, թե Մադրիդյան սկզբունքներն առաջիկայում կարող են դառնալ «հանգրվանային լուծում»` ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Փուլային տարբերակն, ըստ էության, նշանակում է լուրջ հարված ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությանը: Ռազմատենչ Ադրբեջանի հետ փուլային տարբերակի որեւէ կարգավորում չեմ տեսնում: Եթե միջնորդներն իրոք ուզում են խնդիրը կարգավորել, այդ ճանապարհով չեն գնա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930