Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյանը՝ Կամերային երաժշտական թատրոնի մասին. «Փակուղային վիճակի մեղավորը տնօրենն է եւ նրան սատարողները»

Հունիս 22,2016 15:17

Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ խորհրդի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանից:

«Պատճառը տնօրենի՝ բնագավառին չտիրապետելն է, տնօրենի մասնագիտական իրազեկության բացակայությունն է, թատրոնի կառավարման տրամաբանությունը չիմանալը, բոլոր հանգուցային, ստեղծագործական հայեցակարգային որոշումները փակուղու հասցնելը:

Եթե կարճ ասեմ՝ պատճառը սա է: Ես ընդհանրապես հարցը հետեւյալ կերպ եմ դնում՝ ինչու պետք է ոլորտի հետ կապ չունեցող, այս մասնագիտությունից գլուխ չհանող մի ինչ-որ բյուրոկրատ, որը շատ մոտավոր պատկերացում ունի, թե ինչ բան է թատրոնը, մշակույթը, գա եւ իրավունք ունենա ղեկավարելու մի ամբողջ ստեղծագործական կոլեկտիվ:

Ենթադրենք՝ առաջին անգամ Արմեն Մելիքսեթյանի հետ կոնֆլիկտ եղավ, եւ Մելիքսեթյանը ուներ նաեւ իր պատճառները նրա հետ կոնֆլիկտ ունենալու, բա այս երիտասարդները, որ եկան՝ Նարինե Գրիգորյանը, Վահան Բադալյանը, Գրիգոր Խաչատրյանը, Լիլիթ Դանիելյանը, ի՞նչ պատահեց, որ այսքան մարդ չի կարողանում Վարդան Գրիգորյանի հետ աշխատել, եւ արդեն երկու տարի թատրոնը կանգնած է ստեղծագործական փակուղու առաջ:

Չի կարող տնօրենը այս իրավիճակի համար պատասխանատվություն չկրել: Բյուջեի այս սղության պայմաններում մի ամբողջ թատրոն հանձնել մեկին, որը չգիտի, թե ինչ բան է թատրոնը եւ ինչ է նշանակում թատրոնի կառավարում, լուրջ մտածելու տեղիք է տալիս:

Մենք էլ տեսնում ենք, որ ժամավաճառության են վերածվում մեր գեղխորհրդի նիստերը, հրաժարվում ենք պատասխանատվություն կրել, ցավալով, որ այն սպասումները, որ կոլեկտիվն ուներ գեղարվեստական խորհրդից, հնարավորություն չտրվեց խորհրդին էդ սպասումներն իրականացնել: Կոլեկտիվը տեղյակ չէ, թե ինչ պատճառներով է գեղարվեստական խորհուրդը հրաժարվել»,-ասաց Արա Խզմալյանը:

Նաեւ հավելեց, որ որպես խորհրդի նախագահ՝ ինքը դիմում է գրել այն մասին, որ աշխատելն անհնար է եւ կոլեկտիվի հանդեպ պատասխանատվության զգացում ունենալով՝ հրաժարվում է գեղարվեստական խորհուրդը ղեկավարելուց:

«Ես հրաժարական եմ տվել, բայց ինձ հետ միասին խորհրդից դուրս են եկել Նարինե Գրիգորյանը, Գրիգոր Խաչատրյանը, Լիլիթ Դանիելյանը եւ Վահան Բադալյանը: Ախր չի կարելի տնօրեն նշանակել մի մարդու, որը տվյալ ոլորտում չունի կազմակերպչական փորձ, որին չեն ճանաչում միջավայրում: Մի կարեւոր բան էլ ասեմ. տնօրեններ նշանակելուց առաջ պետք է նկատի ունենալ տվյալ մարդկանց ֆինանսական, սոցիալական վիճակը, որովհետեւ եթե մարդն ունի ֆինանսական խնդիրներ, տան խնդիր, սնանկ է ճանաչվել, այդ մարդը չի կարող իր ամենօրյա ֆինանսական պրոբլեմները թողնել ու զբաղվել թատրոնով: Նրա ուշք ու միտքն ուրիշ տեղ է լինելու:

Ստեղծագործական կառույցների տնօրեններ նշանակելու հարցում լուրջ վերանայումների կարիք կա, միայն հարցաշարը բավարար չէ, պետք է նկատի ունենալ վաստակը, փորձը, նախագծեր իրականացնելու փորձառությունը, ինչ-որ տեղ կրթությունը: Թատերական ինստիտուտում ունենք արվեստի կառավարման ֆակուլտետ, ուսանողներ են ավարտում, բայց, չգիտես ինչու, բանասեր Վարդան Գրիգորյանն է տնօրեն նշանակվում: Ոլորտում ոչինչ չներկայացնող մի մարդ երկու տարուց ավելի է՝ տնօրինում է մի թատրոնի ճակատագիր, որի այսօրվա փակուղային վիճակի առաջին պատասխանատուն ու մեղավորն է: Եվ այն մարդիկ, որոնք սատարում են նրան»,- համոզված է թատրոնի գեղարվեստական խորհրդի արդեն նախկին նախագահը: Նա գտնում է, որ տնօրեն նշանակելու մեխանիզմները օր առաջ պետք է հստակեցնել:

Հավելենք, որ ընդհանրապես այս թատրոնում երբեք խաղաղ չի եղել, կադրային փոփոխություններն ու փակուղային իրավիճակը այստեղ սովորական երեւույթ են: Այս տարվա փետրվարին էլ հեռացել էր թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանը ու մշակույթի նախարարին գրած նամակում հայտնել, որ թատրոնը կոմայից դուրս բերելու իր մեծ ցանկությունը նման պայմաններում հնարավոր չէ իրագործել:

Վարդան Գրիգորյանի մեկնաբանությունը՝ առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930