Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել,որ որդին, ով սովորում է Երեւանի պետական համալսարանում, առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության եւ ծառայության ընթացքում իրականացրել մարտական հերթապահություն: Ծառայության ավարտից հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, սակայն չի կարողացել ստանալ ուսման վարձի փոխհատուցում՝ որպես մարտական հերթապահություն իրականացրած զինծառայող:
Դիմումի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հարցը քննարկել են ԵՊՀ ուսումնամեթոդաբանական վարչության հետ: Դրանից հետո ուսման վարձի փոխհատուցման հարցը քննարկվել է նաեւ ռեկտորատի նիստում:
Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի 30 տոկոսի չափով փոխհատուցում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ