Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Սանկտ-Պետերբուրգում այդքան ուրախ Ալիեւն, ըստ Գագիկ Մինասյանի (Տեսանյութ)

Հունիս 22,2016 13:40

«Դեմքի լավ արտահայտություն, վատ խաղի ժամանակ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում այսպես բնութագրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը`Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի գոհունակության ժպիտ արտահայտող դեմքը:

Sankt Peterburgyan handipumՆախագահների ձեռքսեղմումն էլ, ՀՀԿ-ական պատգամավորը համարում է զուտ դիվանագիտական էթիկետ: Սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքը Գագիկ Մինասյանն այսպես է բնութագրում. «Փոքրիկ դրական քայլ, այնուհանդերձ արձանագրեցինք»: Նա նկատի ունի հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացումը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն կար այս եւ շփման գծում տեխնիկական միջոցների տեղակայման շուրջ, որոնք հնարավորություն կտային արձանագրել նախահարձակ կողմի գործողությունները: Գագիկ Մինասյանն ափսոսանք է հայտնում, որ վերջին պայմանավորվածությունն այդպես էլ իրականություն չի դառնում:

IMG_6572Բանախոսը իր մտահոգությունները բարձրաձայնեց մինչ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը եղած իրադարձությունների մասին: Հիշեցնենք, նախագահների`Վիեննայի հանդիպումից հետո լուրեր շրջանառվեցին, որ Փարիզում պիտի տեղի ունենար: Այնուհետեւ ՌԴ-ն հայտարարեց Սանկտ –Պետերբուրգում կայանալիք հանդիպման մասին: Մինսկի խումբը հայտարարեց, որ այդ հանդիպումը դուրս է խմբի հովանուց:

«Սա իսկապես մտահոգիչ էր: Մինչ այժմ էլ եղել են ՌԴ-ի նախաձեռնությամբ նման հանդիպումներ, բայց դրանք եղել են Մինսկի խմբի հովանու ներքո եւ այդ ժամանակ ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները այսքան սրված չեն եղել»,- ասաց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ մտահոգիչ է այն առումով, որ ՌԴ-ն այս տարածաշրջանում շահեր ունի, բայց ԼՂՀ հարցն այդ առաջնահերթություններից չէ եւ Ադրբեջանն էլ ցանկանում է կարգավորման գործընթացը դուրս բերել Մինսկի խմբից: Ամեն դեպքում, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը համարում է, որ լավ էր, որ հանգուցալուծումը եղավ ու մտահոգությունները, որ խնդիրը Մինսկի խմբից դուրս կարող է գալ՝ չեզոքացան:

Նա հստակ պատասխան չտվեց Aravot.am-ի այն հարցին`արդյոք ՌԴ-ն ՀՀ-ի վրա որոշակի ճնշումներ էր գործադրել այդ հանդիպմանը մասնակցելու համար: Ասաց, որ հարցադրումն ակտուալ կլիներ, եթե ավելի ուշ ՌԴ նախագահի օգնականը չհայտարարեր, որ հանդիպումը Մինսկի խմբի շրջանակներում է, Մինսկի խմբի համանախագահներն էլ հանդիպմանը չմասնակցեին:

Ամեն դեպքում, Գագիկ Մինասյանի կարծիքով, այն, որ հանդիպումից առաջ Ադրբեջանական կողմը խոշոր զորավարժություններ անցկացրեց ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի շփման գծում, դա զուտ ուժի ցուցադրում էր. «Դրանով նա ցույց տվեց իր մոտեցումը, ինչը ուղղակի հակասում է մայիսի 16-ին Վիեննայում արձանագրված սկզբունքներին»:

ՀՀԿ-ական գործչի այլ դիտարկումները` տեսանյութում

Երեկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը`Փարիզում, Մինսկի խմբի շրջանակում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու մասին, Գագիկ Մինասյանին ոգեւորում է: Նրա գնահատմամբ, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եթե ճիշտ կողմնորոշվենք` կշահենք, հակառակ դեպքում, կարող ենք կորցնել. «Եթե ցուցաբերենք աչալրջություն, մեր դիրքերի պաշտպանության բնագավառում լինենք հետեւողական, նախաձեռնող, կարող ենք հաջողություններ արձանագրել այս նոր`Մինսկի խմբին լրացնող ֆորմատում եւ հակառակը, եթե չկարողանանք ճիշտ կողմնորոշվել, կարող ենք նաեւ կորցնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930