Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. «Հռոմի պապի արխիվներում մեզ հետաքրքրում են Ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը» (Տեսանյութ)

Հունիս 22,2016 13:29

«Աշխարհի ցանկացած ժողովրդի մասին Հռոմի պապի արխիվում կան տեղեկություններ»,- հունիսի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ըստ նրա, խնդիրն այն է, որ այդ արխիվում հսկայածավալ տեղեկատվությունը կարգավորված չէ. «Հայոց պատմությունն այնտեղ եւս իր բաց եւ մութ էջերն ունի: Մենք երրորդ-չորրորդ դարից հարաբերվել ենք Հռոմի պապի հետ՝ մինչեւ մեր օրերը: Բայց մեզ ամենից շատ հետաքրքրում են Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը: Քանի որ Հռոմի պապն  աշխարհի գրեթե բոլոր երկրներում ունի իր ներկայացուցիչը՝ դիվանագետի կարգավիճակով, այդպես էր Օսմանյան կայսրությունում եւ ոչ մեկ, ոչ երկու, բազմաթիվ էին նրանք: Սկսած 19-րդ դարից՝ այնտեղ կուտակվել են այդ ներկայացուցիչների հաշվետվությունները, զեկուցագրերը Հռոմի պապին քրիստոնյաների վիճակի մասին Օսմանյան կայսրությունում, այնտեղ  քրիստոնյաների հետ հասկացվում են նաեւ հայերը»:

Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Ազգային արխիվն ունի արդեն բաց արխիվների պատճենները. «Խնդիրը նրանում է, որ նրանք կա՛մ լատիներեն են, կա՛մ ֆրանսերեն եւ թարգմանության խնդիրներ կան: Եթե ֆրանսերենի թարգմանությունը այդքան էլ բարդություն չի հարուցում մեզ համար, լատիներենի թարգմանությունը խնդիր է: Մենք դժբախտաբար ո՛չ օսմաներեն իմացող գիտենք, ո՛չ էլ լատիներեն, անկեղծորեն ասած, բայց փորձում ենք օգտագործել սփյուռքի եւ մեր ուժերը եւ իրականացնել դրանց թարգմանությունները:

Դա, իհարկե՛, նոր լիցք կհաղորդի Հռոմի պապի այցելությանը Հայաստան՝ որպես առաջին քրիստոնեական երկիր, որպեսզի մենք հնարավորինս օգտագործենք այդ արխիվները: Այդ արխիվի գլուխը Հռոմի պապն է, եւ իր թույլատվությամբ են օգտագործում այդ արխիվները: Նա ամեն մի դիմողին չէ, որ թույլ է տալիս օգտվել»:

Ըստ նրա ենթադրության, դեռեւս ոչ բոլոր փաստաթղթերն են ուսումնասիրվել եւ դեռեւս կան շրջանառության մեջ չդրված փաստաթղթեր, որոնք հատուկ Հռոմի պապի թույլտվությամբ կարող են դրվել շրջանառության մեջ. «Ուղղակի արկղերի վրա գրված է չբացել, Հռոմի պապի կնիքը դրված է եւ փակ վիճակում են, եւ ոչ ոք չգիտի, այդ արկղերի մեջ ինչ փաստաթղթեր են պահպանվում: Դեռեւս հսկայական քանակությամբ փաստաթղթեր փակ են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930