Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմը եւս դառնալու է հետաքննության առարկա».-Ստյոպա Սաֆարյան

Հունիս 22,2016 13:21

«Երբեք չպետք է նման հանդիպումները բանակցություն անվանել: Բանակցում են այն երկրի հետ, որն իսկապես հարգում է իր պարտավորությունը: Մինչդեռ ունենք հարեւան, որն ունակ չէ բանակցելու: Տեսանք, թե ինչպես Ադրբեջանը Վիեննայից հետո փորձեց հրաժարվել ստանձնած պարտավորություններից»,-հունիսի 22-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մասին, ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի դիտարկմամբ. «Այդ հանդիպումն ավելի շատ Կրեմլի քաղաքական ամբիցիաները բավարարելու համար էր: ԵԱՀԿ մամուլի խոսնակը հայտարարեց, որ հանդիպման հետ կապ չունեն, միայն վերջին պահին ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համաձայնեցին մասնակցել հանդիպմանը` դրան տալով ԵԱՀԿ-ի տեսք: ՌԴ նախագահը հաջողացրեց լեգիտիմ դարձնել իր հովանու ներքո կազմակերպվելիք հանդիպումները, որոնք խնդրահարույց են հատկապես ԼՂՀ-ի չմասնակցելու առումով: Առայժմ գործ ունենք Մինսկի խմբի ներսում չնվազող լարվածության հետ: ՌԴ-ն փորձելու է իր առանձին օրակարգը սպասարկման դնել եռակողմ հանդիպումների ընթացքում: ԵԱՀԿ գործընթացն էլ առանցքային է համարում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»:

Սաֆարյանը վկայակոչեց սանկտպետերբուրգյան հանդիպման մասին Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը. «Կար մտահոգություն, որ ապրիլյան պատերազմն անգնահատական կմնա, սակայն հարցազրույցից ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմը եւս դառնալու է հետաքննության առարկա, սա շատ կարեւոր է: Դեսպանը ի լուր բոլորի հայտարարեց, որ Վիեննայում շարունակվում է մոնիթորինգի մեխանիզմների մշակման գործընթացը: Ոչ այնքան տեխնիկական միջոցների ներդրման մասին է խոսքը, որքան մշտական հիմքերով տեղակայված դիտորդների: Սա կարեւոր է ոչ միայն ապագայում հրադադարի խախտման դեպքերի համար հետաքննություն պահանջելու, այլեւ ապրիլյան պատերազմին գնահատական տալու տեսանկյունից: ՀՀ-ն պարտավոր է պահանջել այդպիսի գործընթաց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930