Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը շնորհավորել է Արմեն Գևորգյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Ա. Գևորգյանի արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ տարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններում նրա ձեռք բերած գիտելիքներն ու փորձը լավագույնս կնպաստեն ինչպես նոր աշխատանքում, այնպես էլ համագործակցության հարցում լուրջ հաջողություններ ունենալու գործին:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում համակարգված մոտեցում ցուցաբերելու և տարբեր իրավիճակներում համաձայնեցված որոշումներ կայացնելու առումով շատ անելիքներ կան: «Ըստ առանձին գերատեսչությունների՝ երկու հայկական հանրապետությունների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն, կարծում եմ, համակարգված մոտեցման առումով պետք է ակտիվացնենք մեր համատեղ աշխատանքը»,- ասել է վարչապետը:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ փոխգործակցության ակտիվացման առումով, իսկապես, անելիքներ շատ կան: Ա. Գևորգյանը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերն առաջնահերթ կերպով աշխատանքային ընթացք կստանան:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին