Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արտահայտած մտքերին, որոնք հնչել էին 2016թ. հունիսի 20-ին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո։ Այս մասին տեղեկացնում է APA.az լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Նալբանդյանը մեղադրել էր Ադրբեջանին բանակցային գործընթացում ոչ կառուցողական դիրքորոշում որդեգրելու համար։ Հաջիևն իր հերթին մեղադրական հայտարարություններ է հնչեցրել մեր երկրի և ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Նալբանդյանի հասցեին. «Բանակցությունների ներկայիս տրամաբանությանն ու էությանը համապատասխան գործելու փոխարեն, Հայաստանը կրկին փորձում է ամրացնել ստատուս-քվոն։ Դա հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրների դիրքորոշումներին»։
Հաջիևն իր խոսքում նշել է նաև, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած նախագահների հանդիպումը, որն անցավ կառուցողական մթնոլորտում։