Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության օտարերկրյա գրանտներով ստացած գույքը

Հունիս 22,2016 12:41

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ ոստիկանության կողմից 2005-2015թթ.-ին ստացված դրամաշնորհներին:

«Գրանտակեր չենք»

Նախ և առաջ նշենք, որ ոստիկանությունը բոլոր հնարավոր միջոցներով հետաձգում էր տեղեկատվության տրամադրումը: Այսպես, եթե տարբեր նախարարություններից դրամաշնորհների մասին տեղեկատվությունը կարողանում էինք ստանալ ամենաշատը մեկ ամիս ժամկետում, ապա ոստիկանության դեպքում նույնաբովանդակ տեղեկատվության ստացումը տևեց մի տարի:

Այսպես, ոստիկանությունից դեռևս 2015թ.-ի մարտ ամսին ստացել ենք հստակ պատասխան, որ ՀՀ ոստիկանությունը 2005-2014թթ.-ին օտարերկրյա «դրամաշնորհ չի ստացել»: Դրամաշնորհ գումարի տեսքով չի ստացել, բայց խորհրդատվական, ուսումնական բնույթի աջակցություններ ստացել է, իսկ դրանց իրականացման հետ կապված գումարի չափի մասին ՀՀ ոստիկանությունը «տեղեկություններ չունի»: Անհատույց ստացված գույքի մասով էլ ոստիկանությունից տեղեկացանք, որ առանձնացված հաշվառում չի իրականացվում, ուստի մեր կողմից հայցվող տեղեկատվությունը «հնարավոր չէ» տրամադրել:

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ստանալ ոստիկանության ստացած գույքի հանձնման-ընդունման ակտերի պատճենները և իմի բերել ընդհանուր պատկերը:

Այսպես, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից 2007-2008թթ.-ին ոստիկանությունը ստացել է 60 օդորակիչ սարք, 70 տպիչ (պրինտեր) և 45 անխափան սնուցման սարք (UPS):

2010թ.-ին ԵԱՀԿ-ի կողմից ոստիկանությանը տրամադրվել է 15 համակարգիչ, ինչը, մոտավոր հաշվարկով, արժեցել է 7.500 ԱՄՆ դոլար: Սակայն ոստիկանությունը ԵԱՀԿ-ից և ՄԱԿ-ից ստացել է շատ ավելի մեծ ծավալների աջակցություն կապված կադրերի վերապատրաստման հետ:

5,5 միլիոն դոլար ԱՄՆ-ից

ՀՀ ոստիկանության հիմնական դոնորն է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգները: 2001թ.-ին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվել է նամակ-համաձայնագիր, որի ներքո ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից ՀՀ ոստիկանությունը անհատույց ստացել է տարբեր սարքավորումներ:

Օրինակ՝ 2005թ.-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մոտավորապես 20.000 դոլար արժողությամբ իրեղեն ապացույցների հավաքման սարքավորումներ է տրամադրել Հայաստանի ոստիկանությանը: 2006թ.-ին կնքվել է 699.000 ԱՄՆ դոլար արժեքով ՀՀ ոստիկանության համապետական համակարգչային ցանցի ստեղծման պայմանագիրը: Նույն թվականին ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ ոստիկանության է տրամադրել շուրջ 40.000 դոլար արժողությամբ մարզական գույք` Ոստիկանության ակադեմիայում և Ոստիկանության ուսումնական կենտրոնում հայ ոստիկանների ուսուցումը կազմակերպելու համար: ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի կողմից էլ 2006թ.-ին ոստիկանությունը ստացել է մոտ 307.300 դոլար արժողությամբ 3 ավտոմեքենա, իսկ 2007թ.-ին՝ 6 ավտոմեքենա 303.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

2007թ.-ին ԱՄՆ-ից տրամադրվել է 818.000 ԱՄՆ դոլար ՀՀ ոստիկանության տարածքային համակարգչային ցանցի ձևավորման համար: Մասնավորապես, ոստիկանությանը տրամադրվել է 18 սերվեր, 120 համակարգիչ և 94-ական պրիտեր ու սկաներ: Նույն թվականին ԱՄՆ-ից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը տրվել է մոտավորապես 20.000 դոլարի գրասենյակային և համակարգչային սարքավորումներ, իսկ Ոստիկանության ակադեմիային տրամադրվել է շուրջ 33.000 դոլարի արժողությամբ համակարգիչներ և դասասենյակային սարքավորումներ:

ԱՄՆ կառավարությունը ՀՀ ոստիկանության նոր 50 մետրանոց հրաձգարանի կառուցման և ոստիկանության տարածքային համակարգչային ցանցի ստեղծման համար 168.700 ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրել ՀՀ կառավարությանը: ԱՄՆ դեսպանության կողմից Ոստիկանության ուսումնական կենտրոնում ու ՀՀ Ոստիկանության ակադեմիայում տեղակայվել են կրակային պատրաստության Laser Shot տեսակի 4 հատ սիմուլյացիոն համակարգեր (հրաձգարաններ), ավելի քան 95.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

ԱՄՆ կառավարությունը 2008թ.-ին 2.709.600 ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում ՀՀ կառավարությանը մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար: Այս ֆինանսավորումը ուղղվել է ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական լաբորատորիայի զարգացմանը, ՀՀ իրավապահ մարմինների համար հրաձգարանի կառուցմանը (ՀՀ ոստիկանություն 747.500 դոլար), թրաֆիկինգի զոհերի օժանդակությանը և ՀՀ անձնագրերի տպագրման համակարգի պաշտպանվածության հզորացմանը:

2009թ.-ին ԱՄՆ կառավարությունը Հայաստանի ոստիկանության է տրամադրել 110.000 դոլար արժողությամբ 3 ավտոմեքենա: 2011թ.-ին ԱՄՆ-ից ՀՀ ոստիկանությանը հատկացվել է 150.000 դոլար արժողությամբ գրասենյակային և համակարգչային սարքավորումներ: 2012թ.-ին ԱՄՆ-ից ոստիկանությունը ստացել է մոտ 50.000, իսկ 2013-ին՝ ևս 22.000 դոլար արժողությամբ համակարգչային տեխնիկա:

Ըստ այն տվյալների, որոնք մեզ հաջողվել է հավաքել, ՀՀ ոստիկանությունը վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ից ստացել է շուրջ 5,5 միլիոն դոլար արժողությամբ գույք և սարքավորումներ (տարեկան շուրջ կես միլիարդ դրամի):

Ռուսաց լեզվի գրքեր ՌԴ-ից

Հավելենք, որ Երևանում ԱՄՆ դեսպանատան կայքում նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը տարեկան մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի իրավապահ ոլորտին:

Սակայն, ի տարբերություն ամերիկյան կողմի՝ ռուսական կողմի հետ ՀՀ ոստիկանության համագործակցությունը կայանում է, տարբեր միջոցառումների մասնակցության և ՌԴ դեսպանի ղեկավարած պատվիրակության կողմից ոստիկանության կրթահամալիրին ռուսաց լեզվի դասագրքերի նվիրելու մեջ: Ռուսական կողմից այլ գույք ոստիկանությունը 2005-ից 2015 թվականներին չի ստացել:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930