Հուլիսի 4-ից 7-ը Ստրասբուրգում նախատեսվող Եվրախորհրդարանի նիստի ժամանակ սպասվում են քննարկումներ՝ Ադրբեջան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի թեմայով։ Այս մասին տեղեկացնում է APA.az-ը։
Ադրբեջան-Եվրամիության շրջանակային համաձայնագրի նախագծի հեղինակը Եվրախորհրդարանի ռումինացի անդամ Նորիկ Նիկոլայն է։
Տեղեկացնենք, որ ԵՄ-ն դեռևս 2015թ. մայիսին Ադրբեջանի կառավարությանն էր ներկայացրել Ադրբեջան-ԵՄ համաձայնության նախագիծ։
Ադրբեջանն իր հերթին նախաձեռնություն էր դրսևորել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի փոխարեն ռազմավարական արդիականացման գործընկերային համաձայնագիր ստորագրելու համար։ Այդ փաստաթուղթը ներառում է գործողությունների շարք, որոնց կատարման դեպքում հնարավոր է ընդլայնել Ադրբեջան-ԵՄ հարաբերություններն էներգետիկ ոլորտում։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք նաև, որ 2008թ.-ից Ադրբեջանը մասնակցում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Ադրբեջանի առևտրի ոլորտում Եվրամիությունն այդ երկրի հիմնական գործընկերն է։ Վերջին 10 տարիների ընթացքում Եվրամիության ներդրողները ավելի քան 20 միլիարդ ԱՄՆ դոլար են ներդրել Ադրբեջանում, որից 2.7 միլիարդը՝ նավթարդյունաբերության ոլորտում։