«Առաջին տպավորությունը, որ մարդ ստանում է այդ բանակցությունների արդյունքից՝ այն է, որ համանախագահներին, եւ առաջին հերթին՝ Ռուսաստանին հաջողվել է հաջողություն արձանագրել, եւ ինչ-որ իմաստով ստիպել, որ Ադրբեջանը նահանջ կատարի»,- հունիսի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպմանը, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նա նշեց, որ չպետք է բացառել, որ նախագծերով Հայաստանի եւ Արցախի դերակատարությունը կտարբերվի 1990-ականների այն գնահատականներից, որով Ռուսաստանը առաջնորդում էր տարածաշրջանը. «Ռուսաստանը փորձում է շահել Ադրբեջանի համակրանքը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա: Մոսկվային ձեռք չի տալիս, որ այս պահին, երբ ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացած են, որ Ադրբեջանը կանգնի Թուրքիայի կողքին: Մոսկվան սկսել է սիրախաղերի մի շարք»:
Ալեքսանդր Մանասյանը համարում է, որ պետք է ուշադրություն դարձնել խորքային գործընթացների վրա. «Ադրբեջանում կարող են մտածել այսպես, որ այս որոշումներով Հայաստանը ստացել է խաղը ձգձգելու հրաշալի հնարավորություն, թե ովքեր կմտնեն այդ հարադիտման խմբի մեջ, թե քանի տարով կստանան նրանք մանդատ: Այսինքն՝ ես վստահ եմ, որ քաղաքական որոշ շրջանակներում նույնպես այդպիսի մտայնություն կա՝ խաղը ձգձգելու մեկ այլ հնարավորություն է: Այն բանաձեւը, որով մենք գնում ենք այդ բանակցություններին եւ որին մենք պարբերաբար հնչեղություն ենք տալիս, այն է կարգավիճակ տարածքների դիմաց, շատ վտանգավոր բանաձեւ է: Այդ բանաձեւով մենք Ադրբեջանին տալիս ենք մեր դեմ արդարացի պատերազմ սկսելու հավերժական իրավունք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ