Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում էինք ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ

Հունիս 22,2016 12:00

Երբ որոշողը քանոնն է

Վայոց ձորի մարզին քիչ թե շատ ծանոթ մարդիկ կարող են պատկերացնել, թե ինչ է նշանակում Հերհեր կամ Կարմրաշեն գյուղերից Ջերմուկ հասնելը: Հարկավոր է լեռնային ճանապարհով 18-25 կմ իջնել մինչեւ Վայք, այնտեղից էլ մեկ այլ ճանապարհով բարձրանալ 30 կմ՝ մինչեւ Ջերմուկ, այսինքն՝ առնվազն 50 կմ ճանապարհ:

Իհարկե, եթե քանոնը ձեռքիդ քարտեզի վրա ուղիղ գիծ քաշես՝ Կարմրաշեն-Ջերմուկ, բավականին կարճ գծիկ կստացվի: Ըստ երեւույթին, կառավարությունում նստած այն չինովնիկը, ում թեթեւ ձեռքով համայնքների խոշորացման ծրագրով, բացի Կեչուտից եւ Գնդեվազից, նաեւ Հերհերն ու Կարմրաշենն են միացվել Ջերմուկ համայնքին, հենց այդպես էլ վարվել է. նայել է քարտեզին, քանոնով չափել է երկու կետերի միջեւ ամենակարճ հեռավորությունը՝ հաշվի չառնելով՝ կա՞ այդտեղ ճանապարհ, թե՞ անանցանելի լեռներ ու ձորեր են, եւ որոշել է՝ այս երկու փոքր կետիկները պետք է կպցնել այն մի խոշոր կետիկին:

Ու Ազգային ժողովը հունիսի 17-ին 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթով, ի թիվս 14 այլ «փնջերի», հաստատել է նաեւ համայնքների խոշորացման այս փունջը: Կոնկրետ Հերհերի եւ Կարմրաշենի միացումը Ջերմուկին հակասում է 2011թ. ընդունված Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգում ներառված չափորոշիչներից առնվազն երեքին՝ 1. միացվող համայնքների ընդհանուր վարչական սահմանի առկայություն (Կարմրաշենն ու Հերհերը «սահմանակից» չեն Ջերմուկին), 2. նոր ձեւավորվող համայնքի կենտրոնը, որպես կանոն, պետք է ունենա միացվող համայնքների նկատմամբ կենտրոնական դիրք (Ջերմուկն իրեն միացվող չորս համայնքների նկատմամբ ունի ծայրամասային՝ հյուսիսարեւելյան դիրք), 3. նոր ձեւավորվող համայնքի բնակավայրերի հեռավորությունը համայնքի կենտրոնից, որպես կանոն, չպետք է գերազանցի 20 կմ-ը (ինչպես արդեն նշեցի՝ այդ համայնքների եւ Ջերմուկի միջեւ ճանապարհային հեռավորությունը 50 կմ է, թեեւ օդով, ասենք՝ ուղղաթիռով տեղափոխվելու պարագայում գուցե 20 կմ-ը չգերազանցի): Դեռ մի կողմ եմ թողնում 4-րդ չափորոշիչը՝ նոր ձեւավորվող համայնքի բնակավայրերի բնակիչների համատեղելիություն եւ մենթալություն: Վայոց ձորի բնակչությանը ծանոթ մարդը գիտի, որ այդ մարզի բնակիչներն իրենց բաժանում են «հին հայերի» եւ «թազ խայերի» (նոր հայեր): Հին հայերը այդ տարածքի «բնիկներն» են, իսկ «թազ խայերը» 19-րդ դարասկզբին Պարսկաստանի Խոյ եւ Սալմաստ գավառներից Արեւելյան Հայաստան ներգաղթյալների սերունդներն են: Նրանք խոսում են տարբեր բարբառներով, ունեն տարբեր ավանդույթներ, եւ այդ առումով «թազ խայ» համարվող հերհերցիներն իրենց մենթալությամբ շատ ավելի համատեղելի են նույն բարբառով խոսող վայքեցիների հետ, քան ջերմուկցիների: Եվ ընդհանրապես՝ ինչպես դիրքով, այնպես էլ կապվածությամբ Հերհերի եւ Կարմրաշենի միացումը Վայքին շատ ավելի տրամաբանական կլիներ, քան Ջերմուկին: Սակայն գրչի մի հարվածով, որին նախորդել է անհասկանալի տրամաբանություն, Հերհերն ու Կարմրաշենն այլեւս Ջերմուկ համայնքի հետ են միավորվել:

Երբ փնջվում են
համայնքները

Այն, որ ՀՀ-ում գործող ՏԻՄ համակարգն այնքան էլ չի արդարացնում իրեն (մեղմ ասած)՝ պարզ է նույնիսկ անզեն աչքով: Նախ՝ տեղական ինքնակառավարման մարմինները չափազանց փոքր լծակներ ունեն ինքնակառավարվելու համար, եղածներն էլ արդյունավետ չեն օգտագործվում: Երկրորդ՝ համայնքային բյուջեները, հատկապես փոքր համայնքներինը, այնքան չնչին ներքին մուտքեր են ունենում, որ գրեթե ամբողջապես կախված են պետական հատկացումներից: Իսկ այս պայմաններում իշխանության ապակենտրոնացման մասին խոսելն ավելորդ է: Այս եւ բազմաթիվ այլ՝ տեսանելի եւ ստորջրյա խութերը, ինչպես նաեւ միջազգային փորձը տարբեր մարդկանց եւ կազմակերպությունների ստիպեցին մտածել այն մասին, որ 915 համայնքը Հայաստանի համար «շռայլություն» է:

Ի վերջո հանգեցին համայնքների խոշորացման գաղափարին: Իր հարցազրույցներից մեկում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը համայնքային խոշորացման ծրագրի վերաբերյալ շեշտել էր, որ խոսքը ոչ թե բնակավայրերի, գյուղերի միավորման, առավել եւս՝ տեղափոխման մասին է, այլ դրանց կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման: Նա նկատել էր, որ արդյունքում միջոցների տնտեսում լինելու է, բայց ոչ թե այն առումով, որ պետությունը քիչ տրանսֆերտներ կամ օժանդակություն տա համայնքներին, այլ համայնքներում այդ միջոցներն ավելի արդյունավետ կօգտագործվեն: Նաեւ բացատրել էր, որ թեեւ լինելու է մեկ մեծ համայնք՝ ընտրովի իշխանությամբ, սակայն այդ իշխանության աշխատակազմը տեղաբաշխված է լինելու ոչ միայն համայնքի կենտրոնում, այլ նաեւ այն բնակավայրերում, որոնք մտնում են խոշորացված համայնքի կազմի մեջ:

Խոշորացման գաղափարն ընդունելուց հետո կազմվեց հայեցակարգ, ապա՝ «պիլոտային» ծրագրեր: Քննարկումները, թե ինչպե՞ս է պետք իրականացնել խոշորացումը՝ փնջայի՞ն, թե՞ շրջանային տարբերակով, երկար շարունակվեցին, եւ արդյունքում այս տարի փետրվարին «փնջվեցին» երեք համայնքներ՝ Դիլիջան համայնքի փնջում ընդգրկվեց յոթ, Թումանյանի փնջի մեջ՝ վեց բնակավայր, իսկ ութ բնակավայր միավորվեցին եւ կազմեցին Տաթեւ համայնքը:

Թվում էր՝ դե, հիմա կսպասենք, տեսնենք այս պիլոտային ծրագիրը ինչպե՞ս է իրականանում, ի՞նչ արդյունքներ են գրանցվում, ինչից հետո կամ կշարունակենք «փնջել» համայնքները, կամ կթողնենք նախկինի պես: Սակայն պարզվում է՝ սպասելու կարիք չկա՝ կառավարությունը որոշել է «պիլոտայինի» անվան տակ արագ-արագ փնջել գրեթե բոլոր համայնքները: Ըստ էության, նախատեսված է, որ նախկին 915-ի փոխարեն մնալու է մոտ 200-300 համայնք, ձեռք չի տրվելու 50-60-ին, իսկ մնացածները միավորվելու են՝ տարբեր տրամաբանությամբ:

Փետրվարին ձեւավորված Դիլիջան, Թումանյան, Տաթեւ համայնքներում առայժմ հնարավոր չէ ասել՝ խոշորացումը որեւէ դրական կամ բացասական արդյունք տվե՞լ է, թե՞ ոչ: Այդ համայնքներում վարչական համակարգի ձեւավորումը դեռ նոր է ավարտվում, իսկ արդյունքներին առնվազն մի քանի տարի պետք է սպասել: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում ահնիձորցի Նարինե Մաթեւոսյանը՝ Թումանյան համայնքից եւ շինուհայրցի Վարդուհի Ստեփանյանը՝ Տաթեւ համայնքից, վստահեցնում էին, որ որեւէ փոփոխություն հասարակ գյուղացին իր մաշկի վրա չի զգում, դեռ անորոշության մեջ սպասում է:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 17-ին ընդունված օրենսդրական փաթեթով, ինչպես վերը նշեցինք, ձեւավորվեցին եւս 14 փնջեր՝ Արարատի մարզի Ուրցաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Սյունիքի մարզի Գորիս, Գորայք, Մեղրի, Տեղ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Վայոց ձորի մարզի Զառիթափ, Ջերմուկ, Վայք համայնքներում: 127 համայնք կվերածվի 14 համայնքի, որոնցում ՏԻՄ ընտրություններ են նշանակված սեպտեմբերի 8-ին եւ հոկտեմբերի 2-ին: Մյուս տարի եւս նախատեսված է համայնքների փնջում, սակայն առայժմ հայտնի չեն եւ համայնքները, եւ փնջման ժամկետները:

Երբ շեղվում են
համատեղ ուղուց

2014թ. դեկտեմբերին մեկնարկած ՀաՄաՏեղ (Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը) ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից, ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող խոշորագույն ծրագիրն է, գլխավորապես աշխատում է տեղական ինքնակառավարման (ՏԻ) գործընթացում հանրային մասնակցության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացնում են Երեւանի մամուլի ակումբը, Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը՝ Համայնքների ֆինանսիստների միավորման գլխավորությամբ:

Հենց Համայնքների ֆինանսիստների միավորումն (ՀՖՄ) է կանգնած համայնքների խոշորացման ծրագրի, գաղափարի հիմքում, այնպես որ՝ լիովին հասկանալի է այն սրտացավությունը եւ այն ուշադրությունը, որ այս կազմակերպությունը դարձնում է համայնքների խոշորացման ծրագրի իրականացման գործընթացին: Դատելով հունիսի 17-19-ին Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը ՀաՄաՏեղ ծրագրի կողմից հրավիրված սեմինարի ժամանակ Համայնքների ֆինանսիստների միության նախագահի տեղակալ, ՀաՄաՏեղ ծրագրի տնօրեն Դավիթ Թումանյանի խոսքերից՝ համայնքների խոշորացման ընթացքում շատ բան այն ուղղությամբ չի գնում, ինչ նախատեսված էր: Հիմնական գաղափարից շեղումները, թերեւս, կստիպեն, որ ՀաՄաՏեղ ծրագիրը առանձին հայտարարությամբ հանդես գա այդ ամենի վերաբերյալ:

Ի՞նչ մարտահրավերներ են առաջացել տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքի ժամանակ: Ըստ Դավիթ Թումանյանի՝ դրանք մի քանիսն են: Առաջին եւ ամենակարեւոր մարտահրավերներից մեկն այն է, որ բնակչության կարծիքը, հասարակության ձայնը լսելի չէ այլեւս: Բանն այն է, որ մինչեւ Սահմանադրության փոփոխությունը, ըստ սահմանադրական պահանջի, համայնքներում հանրաքվե էր իրականացվում համայնքային խոշորացման վերաբերյալ: Այսպես, նախորդ տարվա հոկտեմբերին իրականացվեց հանրաքվե խոշորացման ենթակա 22 համայնքներում: Արդյունքները եղել են հետեւյալը. 17-ը կողմ են եղել փնջվելուն, 5-ը՝ դեմ, որից 2-ը՝ Դիլիջանի փնջից, 3-ը՝ Թումանյանի փնջից: Տաթեւի փնջում, ինչպես եւ ակնկալվում էր Սյունիքի մարզի պարագայում, որեւէ «դեմ» չի եղել: Ճիշտ է, ինչպես նշեց պարոն Թումանյանը, հանրաքվեի արդյունքները որեւէ պարտադրանք չունեին, սակայն կարեւոր էին, որպեսզի նախ՝ բնակիչն զգար իր մասնակցությունը, ապա՝ հասարակության տրամադրությունները շոշափելու համար: Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո հանրաքվե իրականացնելու պահանջը հանվեց Սահմանադրությունից, այժմ բավական է միայն «հանրային լսումներ» իրականացնել, որպեսզի բավարարվի Սահմանադրության՝ «հանրային կարծիքի հաշվի առնում» պահանջը: Հասկանալի է, որ դա ոչինչ չի տալիս:

ՀաՄաՏեղ ծրագրի տնօրենի կարծիքով՝ կարեւոր մարտահրավեր է նաեւ այն, որ փնջերը հավաքվում են մեծ արագությամբ. «Արդեն սխալ է դրանք «պիլոտային» կոչելը: Փետրվարին ձեւավորված առաջին երեք փունջը պիլոտային էին, կարելի էր մի որոշ ժամանակ սպասել, որոշակի դրական արդյունք գրանցելուց հետո նոր անցնել մյուսներին»: Բացի այդ, լուրջ շեղում կա նախնական գաղափարից՝ փնջերի մեծության առումով: Եթե նախորդ փուլում 22 համայնքից ձեւավորվում էր 3 փունջ, այսինքն՝ մոտավորապես 7:1 հարաբերակցությամբ, ապա այժմ 127 համայնքից ձեւավորվում է 14 փունջ, մոտավորապես 9:1 հարաբերակցությամբ:

Մեկ այլ խնդիր է համայնքների խոշորացման հայեցակարգում ներառված չափորոշիչներից շեղումը: Պարոն Թումանյանը որպես օրինակ բերեց Ամասիայի տարածաշրջանում Արփի համայնքի ձեւավորումը: Նախատեսված է Արփի փնջում ընդգրկել 15 համայնք: Համայնքի կենտրոնը՝ Արփի գյուղը, ունի ընդամենը 200 բնակիչ, այնինչ, ըստ հայեցակարգի, համայնքները պետք է փնջվեն համեմատաբար խոշոր, առնվազն 3000 բնակիչ ունեցող համայնքի շուրջ: Իսկ երբ 200 բնակիչ ունեցող համայնքի շուրջ փնջվում է 15 գյուղ, որոնցից յուրաքանչյուրի բնակչությունը շատ ավելի փոքր է, եւ ընդհանուր հաշվարկով 1700-1800 բնակիչ է լինելու, որեւէ լուրջ դրական տեղաշարժ առնվազն մի քանի տարի չի լինի: «Առնվազն 3-5 հազար բնակիչ պետք է ունենա համայնքը, որպեսզի համայնքը կարողանա կատարել տեղական ինքնակառավարման ֆունկցիա, զարգացում ունենա»,- ասաց նա:

«Այո, խոշորացման հիմքում ընկած է մեր՝ Համայնքների ֆինանսիստների միավորման նախաձեռնությունը, բայց հիմա տեսնում ենք, որ ինչ-որ բան այնպես չի գնում՝ հայեցակարգում ներառված չափորոշիչներն անտեսվում են, դրույթները հաշվի չեն առնվում, փնջերը շատ խոշոր են վերցվում… եւ մենք արդեն չգիտենք, թե ո՞ւր է տանում այս ճանապարհը: Համայնքների խոշորացման ծրագրի բուն նպատակը տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացումն է, համայնքների հզորացումը, սակայն չգիտեմ, թե ինչ է սպասվում»,- ասում է պարոն Թումանյանը:

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կառավարման մասնագետ Արթուր Դրամփյանը, չնայած մտահոգություններին եւ մարտահրավերներին, վստահ է, որ համայնքների խոշորացումն անհրաժեշտ քայլ է: Այժմ ԱՄՆ ՄԶԳ-ն եւ գերմանական GIZ-ը ֆինանսավորում են ՀՖՄ-ին՝ բազմաբնակավայր համայնքների զարգացման նոր մեթոդաբանություն մշակելու համար, որը կօգնի «փնջված» համայնքներին՝ հնարավորինս համաչափ կերպով համայնքային բյուջեն բոլոր բնակավայրերի վրա ծախսելու, յուրաքանչյուր բնակավայրի համար զարգացման ծրագիր կազմելու: «Չեմ կարծում, որ խոշորացման արդյունքում իրավիճակը գյուղերում ավելի կվատթարանա, խոսքը, մասնավորապես, նաեւ արտագաղթին է վերաբերում: Եվ չեմ կարծում, որ գյուղացիները համատարած դեմ են խոշորացմանը: Հիմնականում դեմ են գյուղապետերը եւ նրանց հետ փոխկապակցված անձինք: Մինչ խոշորացումը փոքր համայնքներում ողջ բյուջեն գնում էր միայն համայնքի ղեկավարի աշխատավարձի վճարմանը, կարծում եմ, որ խոշորացումը կբարելավի գյուղերի վիճակը: Համենայնդեպս, դրան է միտված մեր գործունեությունը»,- ասաց պարոն Դրամփյանը: Նա խոստացավ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի ուշադիր հետեւել զարգացումներին, օգնել բարեփոխումներին, իսկ եթե զարգացումները բացասական լինեն՝ «ունենք լծակներ, որ ազդենք»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930