Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ապրիլյան պատերազմին անդրադառնալով՝ կրկին հավասարության նշան դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Մասնավորապես, Էստոնիայի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների խորհրդի նախագահ Մարինա Կալյուրանդը հայտարարեց, թե Կովկասում պահպանվում է լարվածությունը, հատկապես ապրիլին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի են ունեցել բռնություններ:
Այնուհետև ԵԽ նախարարների խորհրդի նախագահն ասաց. «Հայաստանն ու Ադրբեջանը միասին պատրաստակամություն են հայտնել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, երբ միացել են Եվրոպայի խորհրդին, և ես նրանց կոչ եմ անում կրկնապատկել ջանքերը, որպեսզի հակամարտությանը, որը շատ երկար է տևում, տան վերջնական լուծում»:
Այնուհետև շահարկվեց Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու պնդումը: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե Հայաստանը միջուկային զենք ունի դեռ 1970-ից:
Կարդացեք նաև
ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը (լուսանկարում) ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին միջուկային զենքով՝ պնդելով, որ միջուկային զենք ունի: Այնուհետև ասաց՝ եթե Հայաստանին՝ որպես պետություն լուրջ եք վերաբերվում, ապա ինչո՞ւ պատշաճ արձագանք չկա նման հայտարարություններին:
ԵԽ նախարարների խորհրդի նախագահը պատասխանեց, որ նման հարց իրենք նախարարների խորհրդում չեն քննարկել, ու ևս մեկ անգամ կրկնեց, որ ՀՀ-ն ԵԽ անդամ դառնալիս հայտարարել է իր՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ձեր հոդվածում նշվում է երկու մարդու անուն` Մարինա Կալյուրանդ և Հրանտ Բագրատյան: Խնդրում եմ ասեք` նրանցից ում լուսանկարն է պատկերված հոդվածում:
Մեր հոդվածում նաեւ մեկ այլ մարդու անուն կա՝ Ռաֆայել Հուսեյնովի: Եվ նրա անվան կողքին նշված է, որ լուսանկարում ինքն է
Շնորհակալություն, չէի նկատել 🙂