Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի բանաձեւի ընդունումը մեծ օգուտներ կարող է պարգեւել Հայաստանին

Հունիս 22,2016 16:30

Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի` հիշաչար բնավորությամբ եւ փառասիրությամբ հայտնի Էրդողանը Բունդեսթագի որոշումն ընկալում է որպես «անձնական վիրավորանք»:

– Պարոն Գաբրիելյան, հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագը պատմական որոշում ընդունեց: Բանաձեւով ոչ միայն ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը, այլեւ Եվրոպայի առաջատար երկիրը, որն Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցն էր, ընդունեց իր պատասխանատվությունը կատարվածի համար: Ձեր կարծիքով՝ որպես Թուրքիայի քաղաքականության փորձագետ, ի՞նչ ազդեցություն կունենա այդ քայլը Թուրքիայի ներքաղաքական, ներհասարակական կյանքի վրա, եւ ինչպիսի՞ զարգացումներ այդ համատեքստում սպասենք կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներում:

– Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա Բունդեսթագի որոշման լուրջ ազդեցություն չեմ ակնկալում. մենք տեսանք, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված 4 ուժերից 3-ը (ԱԶԿ, ԺՀԿ, ԱՇԿ, որոնք 2015թ. նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում համատեղ հավաքել են մոտ 41.5 միլիոն քվե) ընդունեցին Բունդեսթագի որոշումը դատապարտող որոշում, ինչը սպասելի էր. այսօր ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն ուղիղ եւ անուղղակի միմյանց հետ մրցում են Թուրքիայի ամենաազգայնական կուսակցությունը համարվելու համար, եւ ոմանց կարծիքով՝ ԱԶԿ-ն այդ հարցում արդեն իսկ գերազանցել է ԱՇԿ-ին, դե իսկ ԺՀԿ-ն էլ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած կուսակցությունն է, նրա շարքերում գտնվել են Հայոց ցեղասպանության գործընթացին այս կամ այն կերպ մասնակցած բազմաթիվ անձինք:

Թուրքիայի ներհասարակական կյանքի վրա նույնպես էական ազդեցություն չեմ ակնկալում՝ հաշվի առնելով Թուրքիայում ԶԼՄ-ների գրաքննությունը, պետական մակարդակով հակահայկական քարոզչությունը, ինչու ոչ՝ ընտրազանգվածին հեշտությամբ մոլորեցնելու նախադեպերը (օրինակ՝ նույն նոյեմբերի 1-ի ընտրություններում բազմաթիվ մարդիկ հավատացին ԱԶԿ-ի առաջ քաշած «կա՛մ մենք, կա՛մ քաոս» թեզին եւ հունիսի 7-ի ընտրությունների համեմատ ԱԶԿ-ը ստացավ 5 միլիոն քվե ավելի եւ միակուսակցական կառավարություն հիմնելու հնարավորություն):

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարներում սպասելիքների հետ կապված՝ ես է՛լ ավելի մեծ սրացում եմ կանխատեսում Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններում, կարծում եմ, որ իր հիշաչար բնավորությամբ եւ փառասիրությամբ հայտնի Էրդողանը Բունդեսթագի որոշումն ընկալում է որպես «անձնական վիրավորանք», որ Գերմանիան հանդգնել է իրեն նման բան թույլ տալ իր «Նոր Թուրքիայի» նկատմամբ:

Ինչպես դիպուկ նկատել է ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ խնդիրը կսրվի այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանության թեման իր տեղը զբաղեցնի Գերմանիայի դասագրքերում: Թուրքիայի գրեթե բոլոր հնարավոր հակաքայլերի մասին արդեն հրապարակումներ եղել են (Գերմանիայի պատմության մեջ «մութ» էջերի փնտրտուք, «Ինջիրլիքի» ավիաբազայում գերմանական ինքնաթիռների եւ Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելության համար որոշակի խոչընդոտների հարուցում, Գերմանիայում թուրքական համայնքի օգտագործում, սուզանավերի գործարքից հրաժարում):

Պետք է ընդգծել, որ Թուրքիան լուրջ լծակներ չունի Գերմանիայի դեմ: Այստեղ Թուրքիայի քիչ թե շատ ազդեցիկ «հաղթաթուղթը» նրա տարածքում գտնվող փախստականներն են, որոնց Թուրքիան սպառնում է ուղարկել Եվրոպա, սակայն ԵՄ-ն արդեն իսկ մշակել է «Բ» պլան՝ դեպքերի նման զարգացման պարագայում փախստականներին հունական կղզիներում տեղավորելու համար:
Բունդեսթագի բանաձեւի ընդունումը մեծ օգուտներ կարող է պարգեւել ՀՀ-ին, եթե տվյալ ուղղությամբ կատարվի համապատասխան աշխատանք: Խոսքը բանաձեւի ընդունմամբ Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի կողմից սեփական մեղսակցությունն ընդունելու մասին է: Կայսերական ու Ֆաշիստական Գերմանիաների գործած սխալներն ընդունելը, դրանց հետ առերեսվելը, դրանց մասին բարձրաձայնելը ներկայիս ու ապագա Գերմանիային հնարավորություն կընձեռի ավելի անկաշկանդ գործել արտաքին քաղաքական դաշտում, վարել շատ ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն (ներկայումս դրա բացակայության գլխավոր պատճառներից, զսպիչ գործոններից մեկը նման (առաջին հերթին ֆաշիստական) անցյալ ունենալն է, ինչպես նաեւ բազում երկրների հետ առեւտրատնտեսական լավ հարաբերություններ ունենալն ու դրանք վտանգի տակ չդնելու հանգամանքը)։

Մենք տեսել ենք, որ Հոլոքոստի ճանաչումից հետո Գերմանիան մեծապես զբաղվել է Իսրայելի անվտանգության, ինչու ոչ՝ նաեւ գոյության ապահովմամբ: Ընդ որում՝ դա դրսեւորվել է տարբեր կերպ՝ զենքեր մատակարարելով (այդ թվում նաեւ՝ գաղտնի), Իսրայելում Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայմամբ (Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ Իրաքից հրթիռային հարվածներից պաշտպանելու համար), որոշակի տվյալներով` նաեւ Իսրայելի միջուկային ծրագիրը մեծապես ֆինանսավորելու համար (թերեւս քչերն են կասկածում, որ Իսրայելն ունի միջուկային զենք):

Ընդ որում՝ Գերմանիայի այս քաղաքականության շարունակմանը մենք ականատես ենք լինում նաեւ Մերկելի պաշտոնավարման ժամանակ. Գերմանիան Իսրայելին մատակարարում է «Դելֆին» դասի սուզանավեր, որոնք ունակ են կրել միջուկային մարտագլխիկներ (գումարի 1/3-ը վճարում է Գերմանիայի կառավարությունը): Դա Իսրայելին հնարավորություն է տալիս կիրառել միջուկային զենք, եթե ոչնչացվի երկրի ավիացիոն ու հրթիռային բազան, «երկրորդ հարվածի» այդ զենքը հակառակորդին զրկում է հանկարծակի կործանարար ռմբակոծությունների շնորհիվ Իսրայելի դեմ պատերազմը շահելու հնարավորությունից:

Դրա հետ կապված՝ գերմանացի փորձագետ Հանս Ռյուհլեն հայտարարել էր, որ Գերմանիայի ղեկավարությունը տվյալ հարցում առաջնորդվում է Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու ձգտմամբ, եւ վերջին տարիներին Մերկելի կառավարությունը նույն նպատակով ձգձգում է Իսրայելի հետ վատ հարաբերություններ ունեցող Թուրքիայի համար նմանատիպ սուզանավերի մատակարարումը (գործարքը գնահատվել էր 3.4 միլիարդ դոլար, ինչը ֆինանսական առումով Թուրքիայի ռազմածովային ուժերի խոշորագույն եւ Թուրքիայի պաշտպանունակության ընդլայնման ոլորտի 2-րդ խոշոր գործարքն էր՝ F-35 տիպի բազմանշանակ 100 կործանիչ գնելու գործարքից հետո):

Կարծում եմ, որ ելնելով այս նախադեպից՝ Գերմանիան Բունդեսթագի բանաձեւի ընդունումից հետո պետք է զբաղվի Հայաստանի անվտանգության ապահովմամբ, պաշտպանունակության մեծացմամբ, թեեւ, բնականաբար, ոչ այնչափ, որչափ որ Իսրայելի պարագայում է, քանի որ այս դեպքում ցեղասպան երկիրը նա չէ, բայցեւայնպես: Գերմանիայի կողմից ՀՀ-ի պարագայում տվյալ հարցերով զբաղվելը կարող է դրսեւորվել նույն տեսքով՝ զենքերի մատակարարմամբ, ֆինանսավորմամբ: Նման պահանջներով սկզբնական փուլում կարող է հանդես գալ Հայկական սփյուռքը՝ համապատասխան հիմք ստեղծելու ու կարծիքները շոշափելու համար, ապա «խաղի» մեջ կմտնի ՀՀ-ն:

Այստեղ ուշագրավ է մեկ դրվագ: Մենք գիտենք, որ Գերմանիան խուսափել եւ խուսափում է հակամարտությունների գոտի զենք ուղարկելուց, եւ դա կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ ՀՀ-ին զենքով օգնելու համար: Որպես հարցի լուծում՝ վերստին տեսնում եմ Իսրայելի նախադեպը. երբ 1960-ական թվականներին գերմանական մամուլում լուրեր սպրդեցին, որ Գերմանիան սպառազինություն է մատակարարում Իսրայելին, եւ մեծ աղմուկ բարձրացավ, Գերմանիայում որոշեցին խզել պայմանագիրը այն հիմնավորմամբ, որ Գերմանիան չպետք է զենք մատակարարի տարածաշրջանային հակամարտությունների գոտի:

Հարցը լուծվեց այն բանից հետո, երբ Իսրայելը (պաշտպանության փոխնախարար Շիմոն Պերես) դրան առարկեց նրանով, որ գերմանացիները պետք է վերականգնեն պատմական անարդարությունը, որը նրանք գործել են հրեա ժողովրդի հանդեպ, եւ ոչ թե փորձեն սեփական միջազգային դիրքն ամրապնդել իրենց հաշվին, որ տանկերի, ինքնագնաց հրետանու ու սուզանավերի մատակարարման մասին համաձայնագիրը կենսական կարեւորություն ունի Իսրայելի համար, եւ որ Գերմանիան Իսրայելին չպետք է դիտարկի միայն որպես «տարածաշրջանային հակամարտության մասնակից», քանի որ երկրին մշտական ոչնչացման վտանգ է սպառնում եգիպտական բռնապետական ռեժիմի կողմից:

Կարծում եմ, որ մենք էլ կարող ենք Գերմանիայի առջեւ հարցը բարձրացնել նման տեսանկյունից` հիշեցնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ոչ միայն ԼՂՀ-ին, այլեւ ՀՀ-ին ուղղված սպառնալիքների (այդ թվում նաեւ Երեւանի մասով), Թուրքիայի իշխանությունների կողմից այդ հայտարարություններին աջակցություն հայտնելու մասին, որոնք ի ցույց են դնում, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն իրականում գոյապայքարի մեջ են, եւ հարցին պետք է նայել հենց այդ տեսանկյունից: Չպետք է մոռանալ, որ Թուրքիայի զինված ուժերի 26-րդ (2008-2010թթ.) Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը վերջերս խոստովանեց, որ իր ամենամեծ երազանքը եղել է Թուրքիայի ու Ադրբեջանի միավորումը: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

– Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհային քարտեզ է հրապարակել: Ի՞նչ կասեք այս մասին:

– 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիան ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելիս թերեւս չէր ակնկալում նման արձագանք Ռուսաստանից, կարծում էր, թե հեշտությամբ կարող է առաջ տանել իր թեզերը, որ միջադեպը գրանցվել է ոչ թե ռուս-թուրքական, այլ թուրք-սիրիական սահմանին, որ իրենք չեն իմացել, թե դա Ռուսաստանին պատկանող ինքնաթիռ է: Սակայն դրանք չընդունվեցին Ռուսաստանի կողմից:
Թուրքիայի իշխանությունների այդ «անիրազեկվածության» մասով պետք է հիշել, որ «Սու-24» ինքնաթիռի խոցումից բառացիորեն օրեր առաջ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, ուր դժգոհություն էր հայտնվել ռուսական ավիացիայի կողմից Սիրիայի թուրքմենների բնակավայրերը ռմբակոծելու համար եւ պահանջվել էր անհապաղ վերջ դնել այդ գործողություններին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կլինեն լուրջ հետեւանքներ։ Ստացվում է, որ ռուսական ինքնաթիռի խոցումից ընդամենը օրեր առաջ թուրքական կողմը նույն տարածաշրջանում կարողացել է զանազանել, թե այդ տարածքում որ երկրի (Ռուսաստան, Սիրիա) ավիացիան է գործում, իսկ դրանից օրեր անց «չի էլ կասկածել», որ դա կարող է լինել Ռուսաստանին պատկանող մարտական ինքնաթիռ:

Չնայած միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացմանը՝ Թուրքիան իրականում ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները: Տնտեսական հարաբերությունները վերականգնելուց բացի՝ դա նրան ձեռնտու է նաեւ այն առումով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը զգալիորեն նեղացրեց Թուրքիայի մանեւրելու դաշտը, այլընտրանք ունենալն ի ցույց դնելը` առաջին հերթին ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերությունների պայմաններում:

Ռուսաստանը նույնպես ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները` առաջին հերթին «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործումը կասկածի տակ չդնելու համար: Փաստորեն, երկու երկրները ներկայումս խստապես ցանկանում են հարաբերությունների կարգավորում, սակայն ինչպես հայտնի է, Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար պետք է կատարի Ռուսաստանի կողմից միջադեպից հետո ներկայացված երեք նախապայմանները` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել եւ մեղավորներին պատժել, ինչը պատային վիճակ է ստեղծել, եւ դեռ երկար կպահպանվի (եթե կողմերը ցուցաբերեն հետեւողականություն եւ հետքայլ չկատարեն):

Ներողություն խնդրելու հետ կապված` չեմ կարծում, թե Էրդողանի նման գոռոզ, իրեն սուլթան եւ խալիֆ երեւակայող գործիչը պատրաստ է գնալ այդ քայլին (համենայնդեպս, մոտ ժամանակների կտրվածքով): Դա նրա իմիջի հարցն է: Ի դեպ, Թուրքիան (Ահմեթ Դավութօղլու) շարունակ հպարտանում է, որ միակ երկիրն է, որ կարողացել է հասնել նրան, որ Իսրայելը ներողություն է խնդրել:
Թուրքիայի կողմից հնարավոր ներողությունից հետո թվում է, թե փոխհատուցում վճարելը խնդիր չի ներկայացնի, սակայն Իսրայելի օրինակը («Մավի Մարմարայի» միջադեպից հետո Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար Իսրայելին ներկայացրել է 3 նախապայման` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել եւ Գազայի հատվածի շրջափակման վերացում) ցույց է տալիս, որ խնդիրներ կարող են ծագել անգամ այս հարցում: Ընդ որում` այստեղ առավել խնդրահարույց է ոչ թե բուն փոխհատուցման գումարի չափը հստակեցնելը, այլ փոխհատուցում վճարելու կարգավիճակի հստակեցումը. Իսրայելը պահանջում է, որ փոխհատուցման վճարումը գնահատվի որպես գթասրտության կամավոր ակտ եւ ոչ թե որպես հակաիրավական գործունեության համար վնասի փոխհատուցում, ինչպես որ պահանջում է Թուրքիան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի երրորդ պահանջին, ապա այստեղ խոսքը, թերեւս, ռուսական ինքնաթիռը խոցելու հրաման տվողին, քան այդ ինքնաթիռից կատապուլտ եղած ռուս օդաչու Օլեգ Պեշկովի մարդասպանին (ենթադրյալ մեղադրյալը Թուրքիայի քաղաքացի, ներկայումս Թուրքիայում կալանքի տակ գտնվող Ալփարսլան Չելիքն է, ով սկզբնական շրջանում հայտարարել էր, որ ինքն է սպանել Պեշկովին, ապա հետ էր կանգնել իր խոսքերից) պատժելու մտադրության մասին է:

Միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ անձամբ ինքն է հրաման տվել խոցել սահմանախախտ ինքնաթիռը (Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը իր գործունեությունն իրականացնելիս հաշվետու է հենց վարչապետին), ապա հերքեց իր այդ խոսքերը` հայտարարելով, որ ինքնաթիռը սահմանը խախտել է 17 վայրկյանով, եւ այդ ընթացքում զինվորականները պարզապես չէին կարող կապ հաստատել իր հետ եւ ստանալ խոցելու հրաման: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, երբ Էրդողանն ավելի զգա Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն, նա անգամ պատրաստ կլինի զոհաբերել Դավութօղլուին` նրան այդ հարցում դարձնելով քավության նոխազ:

Ամփոփումը` «Առավոտի»
վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

21.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930