Ասում են` կխայտառակվենք
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 32 շենքին կից ավտոտնակ. սա 81-ամյա Էմմա Բադալյանի հասցեն է: 20 տարի Հանրապետության հրապարակին հարող տարածքում ապրելուց հետո տիկին Էմման օր ծերության հայտնվել է անմարդկային պայմաններում: Արդեն տասը տարի մեծահասակ այս կինն ամառ-ձմեռ այդ ավտոտնակում է ապրում: Երեք երեխա ունի՝ երկու դուստր, մեկ որդի, սակայն նրանցից որեւէ մեկը մորը տիրություն չի անում: Տանից էլ թոռն է հանել:
Տիկին Էմմային հարեւաններն են խնամում, ամեն օր տաք կերակուր բերում, անհրաժեշտության դեպքում շտապօգնություն կանչում ու դեղերը գնում: Ավտոտնակին կիպ կպած շենքում նրա թոռնուհին է ապրում: Սակայն տիկին Էմմայի խոսքերով՝ ամեն ինչ անում է, որպեսզի այդ ավտոտնակից էլ իրեն հանի: Ամեն օր մեծահասակ կինը կռիվների եւ սթրեսի մեջ է ապրում: Ասում է` էլ ուժ չունեմ, չեմ կարողանում դիմանալ: Թե ինչո՞ւ են հարազատներն այդպես վարվում՝ տիկին Էմման բացատրություն չունի, միայն հիշում է, թե ինչպես է նրանց համար հոգ տարել, թոռանը տասը տարի դպրոց տարել, օգնել, որ հինգ տարի ինստիտուտում սովորի, դասախոսի մոտ պարապի:
Ութ թոռ ունի, սակայն նրանցից որեւէ մեկը տատին այցելության չի գալիս. նրա գոյության մասին մոռացել են, միայն հեռակա հրահանգներ են տալիս ու սպառնում, եթե տատը փորձի ծերանոց գնալ: Մի եղբայր ունի, որը տարիքով նրանից էլ մեծ է` 90 տարեկան, եւ, ինչպես տիկին Էմման է ասում` մեկը լինի, նրան խնամի:
Կինը տեսողությունն օր օրի կորցնում է: Ամեն օր ճնշման ու շաքարի դեմ դեղ է ընդունում, որպեսզի կարողանա ոտքի վրա կանգնել:
Կարդացեք նաև
Հարեւանների օգնությամբ է տեղաշարժվում: Այդ պատմություններից կինն այնքան է ուժասպառ եղել, որ, ինչպես հարեւաններն են պատմում, ուտելու բան էլ չի կարողանում պատրաստել: Կնոջ միակ հույսը ծերանոցն է, որտեղ գոնե տանիք, տաք կերակուր կունենա, բայց անգամ ծերանոցը 81-ամյա տիկին Էմմայի համար հասանելի չէ. թոռները դեմ են, որ տատը ծերանոց գնա, եւ տատի՝ այնտեղ տեղավորվելու բոլոր փորձերը ձախողում են: Ասում են` պատվի հարց է, կխայտառակվեն: Հարեւաններով հավաքվել են, դիմում գրել համապատասխան մարմիններին, սակայն անօգուտ: Անգամ տիկնոջը ոչ արյունակիցներն ամեն օր ցավ են ապրում նրա վիճակի համար եւ հերթով խնամում` մինչեւ որ նրա խնամքի հարցն ինչ-որ կերպ լուծվի:
Տիկին Էմմայի պատմելով՝ երիտասարդ տարիներին լավ վաստակել է, մայրաքաղաքի կենտրոնում բնակվել, «Մասիս» ռեստորանում ու Կարամելի գործարանում աշխատել: Սեփական կրպակ էլ է ունեցել, բայց հիմա մնացել է անօգնական: Տարիների վաստակածը Խնայբանկում ավանդ է դրել: Երկու տարուց նրա հերթն էլ կհասնի: Տիկին Էմմայի խոսքերով՝ ռուբլիով ներդրած գումարը մի քանի հազար դոլարին համարժեք է, սակայն կինն այնքան է սրտնեղած, որ որոշել է ամբողջը բարեգործություն անել:
«Ոչինչ չեմ տալու, ամբողջը ծերանոցին եմ տրամադրելու»,- հարազատներից վիրավորված ասում է տիկին Էմման: Նրա կարծիքով՝ հենց այդ գումարներն են պատճառը, որի համար թոռները դեմ են, որ ինքը ծերանոցում տեղավորվի. «Երեւի դրան են սպասում, ստանամ, դա էլ խլեն ինձնից ու ինձ մի բան անեն»:
Ավտոտնակը, որտեղ այդքան տարի ապրում է մեծահասակ կինը, պատեր չունի, մետաղյա ցանցով է պատված. ցրտից պաշտպանվելու համար կինը ստվարաթուղթ է անցկացրել, բայց այն գրեթե դեր չի խաղում:
«Ամբողջ ձմեռ մի կերպ եմ գոյատեւել՝ ոչ ջերմություն կա, ոչ ջուր, ոչ լույս: Անգամ լույսս են անջատում,- մեզ հետ զրույցում ասում է նա:- Ծերանոցն էլ կամ չեն տեսնում, բա ո՞նց ապրեմ, ի՞նչ անեմ, որ օր ծերության դրսում չմնամ»:
Տան իրերն ավտոտնակում այս ու այն կողմ են թափված, արժեքավոր իրերն էլ ժամանակի հետ փչացել են, սակայն որոշ թանկարժեք բաներ պահպանվել են, որոնք նույնպես կինը պատրաստվում է ծերանոցին նվիրաբերել:
Նորմալ ապրելու հնարավորությունից տիկին Էմման զրկվել է, երբ խորհրդային տարիներին Լենինի հրապարակին հարող Սվերդլով փողոցի հայրական տունը քանդել են եւ այլ տեղ բնակվելու համար նրա ընտանիքին գումար հատկացրել: Գումարը բաժանել է, մեկի համար տուն գնել, սակայն նրան անգամ այդ տան վրա չեն գրանցել. «Մի աղջիկս Իսպանիա է, մյուսը՝ Սոչի, սկի տեղս էլ չգիտեն»:
Մեծահասակ կինն ապրում է թոշակով ու նպաստով, սակայն այդ գումարը ոչ սնվելուն, ոչ դեղորայքին, ոչ էլ առհասարակ ապրելուն չի բավականացնում:
Սեփ.լր.
«Առավոտ»
21.06.2016
Իսկ ու՞ր է պետութիւնը:
սատկեն նման հարազատները