«Արա Բերքյան» գրքի շնորհանդեսը՝ Հանաույի հայ համայնքում
Այս օրերին Գերմանիայում դեռ չեն հանդարտվել կրքերը, բուռն քննարկումները, թուրքերի կողմից սպառնալիքները՝ Բունդեսթագի բանաձեւի շուրջ:
Ընդամենը երկու շաբաթ առաջ՝ հունիսի 2-ին, գերմանական Բունդեսթագը ճանաչեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը: Վերջապես Գերմանիան ընդունեց իր մեղսակցությունը կատարված ցեղասպանության գործում:
Այդ բանաձեւի ճանաչումը հայ եւ գերմանացի գործիչների տասնյակ տարիների տքնաջան աշխատանքի արդյունք էր: Գերմանաբնակ շատ հայ հայրենակիցներ պայքարեցին, որպեսզի Գերմանիան ճանաչի ցեղասպանությունը, շատերը չտեսան, չապրեցին այդ պատմական պահը: Նրանցից մեկն էր նաեւ ցեղասպանությունից մազապուրծ եղածի ընտանիքից սերված, գերմանահայ ազգային գործիչ, ճարտարապետության եւ ինժեներության դոկտոր, գրող, նկարիչ Արա Բերքյանը:
Իր ապրած կյանքով Արա Բերքյանը ճարտարագործ կամուրջ հանդիսացավ սփյուռքի եւ հայրենիքի միջեւ: Հայ մշակույթի յուրօրինակ դեսպան էր Գերմանիայում, նա դարձավ ջատագովը գերմանահայկական հարաբերությունների վերականգնման, գերմանաբնակ հայրենակիցներին հայոց լեզվին եւ հավատքին մերձեցնելու, եվրոպական իրականության մեջ հայոց մշակույթը քարոզելու եւ հայ դատի ձայնը լսելի դարձնելու գործում: Նա եղել է նաեւ՝ իր ջանքերով վերաբացված Գերմանա-հայկական ընկերության փոխնախագահն ու «Հայ-գերմանական հանդեսի» խմբագիրը: Այդ հանդեսում հարյուրավոր հոդվածներ է հրապարակել հայ մշակույթի ու արվեստի, Հայոց ցեղասպանության մասին: Արա Բերքյանի կյանքը օտար ափերում նվիրում եղավ հային, հայկականությանը, Հայաստանին, օրինակելի է հայրենիքից դուրս ապագա որոնող ամեն հայի համար:
2016 թ. հունիսի 19-ին՝ կիրակի օրը, Հանաույի եկեղեցում՝ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի մատուցած պատարագից, նրա սքանչելի քարոզից հետո համայնքի անդամներն ու հյուրերը հավաքվեցին համայնքի հանդիպումների սրահում, որտեղ՝ ճաշկերույթից հետո, տեղի ունեցավ Լիզա Բերքյան-Աբրահամյանի՝ «Արա Բերքյան» գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, որը դրվատանքի ջերմ խոսքեր ասաց գերմանահայ ազգանվեր գործիչ, ճարտարապետության եւ ինժեներության դոկտոր, գրող Արա Բերքյանի եւ «Արա Բերքյան» ժողովածուի մասին:
Արա Բերքյանի մասին պատմեց եւ գիրքը ներկայացրեց գործչի այրին՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը, որի խոսքը Հայր Սերովբե Իսախանյանի կողմից զուգահեռ հնչեց գերմաներեն:
Խոսքի սկզբում Լիզա Բերքյան-Աբրահամյանն անդրադարձավ ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմին, 100-ից ավելի զոհերին, որոնց կորստի ցավը դեռ մորմոքում է մեր սրտերում: Բանախոսն անդրադարձավ նաեւ Բունդեսթագի՝ ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին, որը նաեւ հնարավորություն կընձեռի այդ թեման ընդգրկել Գերմանիայի պատմության դասագրքերում, ուսումնական ծրագրերում, Հայոց ցեղասպանության թեման ի վերջո մաս կդառնա գերմանական պատմության:
Այնուհետեւ Լիզա Բերքյան-Աբրահամյանը պատմեց Արա Բերքյանի կյանքի եւ գործունեության մասին, եւ թե ինչպես ծնվեց այդ գիրքը, որը պատմում է ոչ միայն այն մասին, թե ի սեր հայության որքան հարատեւ աշխատանք կատարեց Արա Բերքյանը, այլեւ ընթերցողը կարող է պատկերացում կազմել Բերքյանի միջավայրի հայ մշակույթի եւ հասարակական կյանքի շատ նշանավոր դեմքերի մասին:
Խոսքի ավարտին բանախոսը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Միջոցառումն ամփոփեց վարդապետ Սերովբե Իսախանյանը, որը խորին շնորհակալություն հայտնեց Լիզա Բերքյան-Աբրահամյանին՝ հանդիպման եւ գեղեցիկ բանախոսության համար:
Սեփ. լր.
Գերմանիա
«Առավոտ»
21.06.2016