Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թումասյան. «Չպետք է ներկայացնել անձի նույնականացնող տեղեկություններ, պիտակավորել նրան»

Հունիս 22,2016 14:30

Ինչպես լուսաբանել թրաֆիքինգի խնդիրները, ինչպես շփվել զոհի հետ
«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանի դիտարկմամբ՝ լրատվական միջոցներով մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, զոհերի աջակցության խնդիրների լուսաբանումը առաջին հայացքից՝ պարզ, բայց իրականում բազմաթիվ նրբերանգներ պարունակող խնդիր է: Դրանք մշտական քննարկման խնդիրներ են, եւ յուրաքանչյուր ոք կարող է դառնալ հարկադիր աշխատանքի զոհ, ինչպես սեփական երկրում, այնպես էլ երկրից դուրս:

«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ, Աղվերանում կազմակերպված դասընթացը նվիրված էր «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքին, դրա իրազեկմանը:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, արտաքին գործերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները, «Հույս եւ օգնություն», «Ամքոր Հայաստան» հասարակական կազմակերպությունների փորձագետները: Բացման խոսքով հանդես եկան Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների բյուրոյի ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանը:

ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի տեղեկացմամբ, ՀՀ քննչական կոմիտեում 2015թ.-ին թրաֆիքինգի դեմ պայքարի 14 քրեական գործ է հարուցվել: Վարույթում քննվել է 21 գործ, որից 7-ը փոխանցվել է 2014թ.-ից:

Ըստ նրա էլ, Հայաստանից՝ թրաֆիքինգի հիմնական զոհերը եղել են Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), Ռուսաստանի Դաշնությունում եւ Շրի Լանկայում:

Դ. Թումասյանն անդրադարձավ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հասկացություններին, շահագործման ենթարկված անձանց եւ զոհերի անձնական տվյալների պաշտպանության խնդրին. «Երբ որեւէ նյութ է հրապարակվում, չպետք է ներկայացնել անձի նույնականացնող տեղեկություններ, պիտակավորել նրան եւ ձեւավորել այնպիսի մթնոլորտ, որը հետագայում կարող է ազդել անձի ճակատագրի վրա»,- ասաց Դ. Թումասյանը:

Ի դեպ, դասընթացի ժամանակ Արզուման Հարությունյանը ներկայացրեց զոհի հետ լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների աշխատանքը կազմակերպելու մասին 3 տեսաուղեցույց: Նշենք, որ «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շրջանակներում «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիան» իրականացնում է ներկայացման ձեւով մի մինի-նախագիծ եւս: Այն ուղղված է կրթելու, ուղղորդելու եւ օգնելու մեդիա դաշտի ներկայացուցիչներին (օպերատորներ, լուսանկարիչներ, հնչյունային մասնագետներ)՝ թրաֆիքինգի զոհերի հետ աշխատելու գործընթացում:

Ցուցադրված տեսաուղեցույցներում մանրամասն ներկայացվեցին այն կանոնները, որոնց հետեւելը պարտադիր է, որպեսզի որեւէ կերպ չխոչընդոտվի զոհի վերադարձը հասարակություն եւ առօրյա կյանք, զուգահեռ՝ լրագրողն էլ դուրս չգա որդեգրած էթիկայի կանոններից:

Լրագրող Աննա Հայրապետյանը ցուցադրեց զոհի մասին պատրաստած իր ռեպորտաժը, որն անցյալ տարի արժանացել է մրցանակի: Նա հանդես եկավ իր դիտարկումներով, թե ինչպես է զոհի հետ հանդիպելուց հետո նախապես ծրագրված հարցերը մի կողմ դրել, նկարահանմանն էլ զոհի պատմությունից հուզված լինելու պատճառով մասնակցել է խմբագրի հետ:

Փորձագետ Մարիա Շատվորյանը պատմեց, թե ինչպես է իրենց կազմակերպությունն աջակցում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց: Այն սկսվում է խորհրդատվությունից, հոգեբանական աջակցությունից, բժշկական, ապա ապաստարաններում տեղավորելուց ու աշխատանքի նպատակով ուսուցման ուղարկելուց, ծախսերը հոգալուց:

Լրատվամիջոցներին բաժանվեց «Աշխատանքի միջազգային կազմակերպության հարկադիր աշխատանքի ցուցիչներ» ուղեցույցը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930