Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է»

Հունիս 22,2016 14:00

24 տարվա ընդմիջումից հետո դիրիժոր Արա Մարկոսյանը
կկանգնի օպերային թատրոնի դիրիժորական վահանակի առջեւ

Մշակութային որեւէ գործչի, նույնիսկ ճանաչված, ներկայացնելիս հաճախ բավական է նշել նրա դասախոսի անունը, ասել է թե՝ ում ղեկավարությամբ է կրթվել: Կային ժամանակներ, երբ դիրիժոր Արա Մարկոսյանի մասին խոսելիս, որպես օրենք, հնչեցնում էին երաժշտի երկու պրոֆեսորների անունները: Նրանք են՝ հայ դիրիժորական արվեստի իսկապես ռահվիրաներ Միքայել Մալունցյանը եւ Դավիթ Խանջյանը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հենց այդ պրոֆեսորների ղեկավարությամբ ավարտելուց հետո՝ երիտասարդին (1975թ.) վստահվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակը:

Նվագախմբի հետ Արա Մարկոսյանը շրջում է նախկին խորհրդային ողջ երկրները, հանդես գալով ավելի քան 200 համերգով, ինչպես նաեւ հրավիրվում ղեկավարելու Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ռուսաստանի տարբեր նվագախմբեր: 1982թ. սկսվում է երաժշտի՝ որպես օպերային դիրիժորի կարիերան, նախ՝ մեր կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, ապա՝ Ազգային օպերային թատրոնում: Դիրիժորը թատրոնում ղեկավարելով Բելինիի «Նորմա» եւ Չուխաջյանի «Լեբլեբիջի» օպերաները, միանգամից «ընդգրկվում է խաղացանկ»: Բայց իր շատ գործընկերների օրինակով, այդ թվում՝ նաեւ տաղանդավոր, ստիպված էր 1990-ականների սկզբից հեռանալ մշակույթը հազարերորդ պլանում հայտնված հայրենիքից: Հետո արդեն մեր հայրենակցի մասին «դրսից» էինք լսում լուրեր, ընդ որում՝ հավաստի: Նա հանդիսացավ Բուրյաթիայի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, իրականացրեց Վերդիի «Աիդան», «Տրուբադուրը», «Ռիգոլետոն», Չայկովսկու «Իոլանտան», Բորոդինի «Իշխան Իգորը», Ռախմանինովի «Ալեկոն»:

Մինչ հայրենիքից մեկնելն էլ ֆրանսիական կինեմատոգրաֆի պատվերով ձայնագրեց Կոմիտասի Պատարագը: Իմիջիայլոց, դիրիժորը ավանդ ունի նաեւ հոգեւոր երաժշտության ոլորտում: Նա 1985թ.-ից Սուրբ Էջմիածնի, ապա Մոսկվայի Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու, հետո՝ Մոսկվայի Սուրբ Պողոս-Պետրոս գերմանա-լյութերական եկեղեցու, 2013-ից էլ՝ դարձյալ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու ռեգենտն է: Իսկ 1999-2011թթ. Արա Մարկոսյանը ղեկավարել է Մոսկվայի Բորիս Պոկրովսկու երաժշտական կամերային թատրոնի խաղացանկային շուրջ 10 ներկայացում, իբրեւ բեմադրող դիրիժոր էլ իրականացրել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»: Միայն Ռուսաստանով չի սահմանափակվում հայ դիրիժորի գործունեությունը: Ժամանակին նա երկու խաղաշրջան «Սամսունգի» հայրենիքում՝ Նագոյա քաղաքի բալետային միջազգային կենտրոնում ղեկավարել է Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» եւ «Կարապի լիճը» բալետները: Մոսկվայում էլ, ըստ մամուլի, Արա Մարկոսյանը քանիցս վարել է Չայկովսկու «Շչելկունչիկ», Պրոկոֆեւի «Մոխրոտը», Ադանի «Ժիզել» եւ այլ բալետային ներկայացումներ: Կարճ ասած՝ հայ դիրիժորը իր արվեստով զուգահեռել է օպերային եւ բալետային ներկայացումները: Էլ չենք խոսում, որ իբրեւ հրավիրյալ երաժիշտ հանդես է եկել Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Լեհաստանում եւ այլուր:

24 տարվա ընդմիջումից հետո Արա Մարկոսյանը Երեւանում է: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին կընթանա Վերդիի «Տրուբադուր» օպերայի ներկայացումը:
«Առավոտին» հետաքրքրող հարցին, թե արտասահմանում տարիներ շարունակ աշխատող մեր հայրենակիցների օրինակով գուցե իրեն է՞լ են ընդմիշտ հրավիրել հայրենիք (վերջին շրջանում որդեգրած քաղաքականությունը՝ «դրսում» ստեղծագործող մեր ճանաչված երաժիշտներին հայրենիք «բերման ենթարկելը» ողջունելի է) եւ եթե այո, կթողնի՞ Մոսկվան ու կվերադառնա Երեւան, Արա Մարկոսյանը հակիրճ պատասխանեց. «Կոնկրետ չեմ կարող ասել, բայց այս կյանքում ամեն ինչ հնարավոր է»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

21.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930