Լրահոս
Օրվա լրահոսը

Դոպինգային սկանդալներ. քաղաքականությո՞ւն, թե՞ մաքուր սպորտ

Հունիս 22,2016 13:30

Թեթեւ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ մարզաձեւի Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից:
Այս որոշումը դեռ պատք է հաստատվի կամ մերժվի այսօր կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում: Ընդորում, արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ վստահեցնում են, որ ՄՕԿ-ի օրակարգում քննարկվելու է նաեւ Ռուսաստանին ընդհանրապես օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու հարցը:

Ռուսաստանն այս ամենը որակում է որպես իր դեմ կիրառվող քաղաքական ակցիա: Այդպե՞ս է, արդյոք: Գուցե: Համենայն դեպս, շատերը տեղի ունեցողը որակում են, ոչ թե առանձին մարզիկների կամ խմբերի կատարած զանցանքի պատասխան, այլ Ռուսաստանում իրականացվող դոպինգային պետական ծրագրի գնաահատում:
Սպորտում մինչ այդ էլ եղել են դոպինգային սկանդալներ, որոնք ավարտվել են համաշխարհային առաջին մեծության աստղերի եւ ամբողջական հավաքականների որակազրկումով: Հիշենք դրանցից մի քանիսը:

2000-ականների սկզբին հայտնի BALCO-ի գործի հինգ տարվա հետաքննության արդյունքով որակազրկվեց 30 մարզիկ: Հանրահայտ արագավազորդուհի Մերիոն Ջոնսը զրկվեց օլիմպիական երեք ոսկուց, աշխարհի չեմպիոնի տիտղոսից: Չհաշվվեց նաեւ Թիմ Մոնթհոմերի 100 մետր վազքում աշխարհի ռեկորդը:

1998-ին «Տուր դե Ֆրանսում» մեծ սկանդալ ծագեց եւ ֆրանսիական «Ֆեստինա» թիմը որակազրկվեց:

Նույն թվականին Սեուլի օլիմպիական խաղերում 100 մետր արագավազքի եզրափակչի ութ մասնակիցներից միայն երկուսն էին մաքուր: 9,79 արդյունքով չեմպիոն դարձած կանադացի Բեն Ջոնսոնը երեք օր անց ստիպված էր վերադարձնել օլիմպիական ոսկին:

2001 թվական, Լախտի, Դահուկային մարզաձեւերի աշխարհի առաջնություն: Տանտերերի ազգային հավաքականի միանգամից վեց անդամներ որակազրկվեցին երկու տարով:

Սոլթ Լեյք Սիթիում, փաթեթով որակազրկվել են Ավստրիայի դահուկավազքի եւ բիաթլոնի հավաքականները: Նրանց հետ նույն պատմությունը կրկնվեց նաեւ Թուրինի օլիմպիաական խաղերում:

Ինչ վերաբերում է Բուլղարիայի ծանրորդներին, նրանք արժանիորեն կրում են սպորտի խուլիգանների համբավը: Բուլղարացի ծանրորդները վերջին անգամ օլիմպիական խաղերին մասնակցել են Աթենքում, իսկ թե հաջորդը երբ կլինի, ոչ ոք չգիտի: Դեռ Սեուլի օլիմպիական խաղերում այդ երկրի օլիմպիական խաղերի երկու ծանրորդներ ստիպված էին վերադարձնել նվաճած ոսկե մեդալները, իսկ ամբողջ հավաքականը հետագա խայտառակությունից խուսափելու նպատակով ստիպված եղավ լքել օլիմպիական ավանը: Նրանք դոպինգ սկանդալի կիզակետում հատնվեցին նաեւ Սիդնեյում, իսկ 2008 եւ 2015 թվականներին 11-ական ծանրորդներ չանցան դոպինգ թեստերը, որոնք անցկացվել էին իրենց մարզումային բազայում: Այս ցուցակին կարելի է ավելացնել նաեւ Ադրբեջանի հակադոպինգային կազմակերպությունը, որը բացարձակ անգործության պատճառով հեռացվել է Արեւելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպությունից: Պատահական չէ, որ վերջին տարիներին դոպինգային կանոնները զանգվածաբար խախտողների ցուցակում ընդգրկված են նաեւ այդ երկիրը ներկայացնող մարզիկները:
Ինչպես տեսնում ենք, դոպինգային պատժամիջոցները եղել են միշտ, դրանք ազգություն չեն ճանաչում եւ ուղղված չեն կոնկրետ պետության դեմ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

21.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել