Պարբերաբար ներկայացնում ենք, թե որ կեխտաբծի հետքերի դեպքում ինչպես մաքրել այն եւ բերել առաջվա տեսքին: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում քրտինքի, ժանգահետքերի, բորբոսաբծերից առաջացած անցանկալի հետքերի մաքրման տարբերակներ:
Քրտինքի հետքերը հեշտությամբ կարելի է մաքրել քացախաջրով (1 բաժակ ջրին 1 ճաշի գդալ)։
Գունավոր կտորների վրայից քրտինքի լաքաները պետք է մաքրել աղաջրով (1 բաժակ ջրին 1 ճաշի գդալ):
Բրդյա գործվածքի վրայից քրտինքի հետքերը կարելի է մաքրել
1. Ջրի եւ սպիրտի խառնուրդով (1:1), հետո լվանալ սառը ջրով։
2. 3 մաս գինու սպիրտի, 2/3 մաս եթերի եւ 1 մաս անուշադրի սպիրտի խառնուրդով։
Բաց գույնի մետաքսից քրտինքի հետքերը կարելի է անցկացնել ացետոնով կամ բենզինով։
Ժանգահետքը կարելի է հեռացնել՝ վրան քսելով 1 գդալ կերակրի աղի, 1 գդալ կիտրոնի աղի եւ մի փոքր ջրի թանձր խառնուրդ, խառնուրդը չորանալուց հետո լվանալ օճառաջրով։
Ժանգի հետքերը գունավոր եւ սպիտակ գործվածքների վրայից կարելի է անցկացնել կիտրոնի կամ 10% գինեթթվի լուծույթով։
Ժանգի հետքերը գունավոր կտորի վրայից հեռացնել հավասար քանակությամբ գլիցերինի, ատամի մածուկի եւ ջրի խառնուրդով։ Քսել առաջացած հետքի վրա եւ թողնել մի քանի օր, որից հետո լվանալ։
Սպիտակեղենի, բաց գույնի բրդյա գործվածքի վրայից ժանգի հետքերը կարելի է անցկացնել 2% աղաթթվով։ Կեղտոտված մասը թողնել լուծույթի մեջ, մինչեւ ժանգը անցնի։ Հետո լվանալ անուշադրի սպիրտի եւ ջրի խառնուրդով (1լիտր ջրին 3 ճաշի գդալ անուշադրի սպիրտ)։
Բորբոսաբծերը բամբակե, վուշե կտորների վրայից կարելի է
մաքրել
1. Օճառաջրով եւ սոդայով։
2. 1 մաս անուշադրի սպիրտի եւ 5 մաս ջրի խառնուրդով։
3. 1 բաժակ գոլ ջրի, 1 թեյի գդալ անուշադրի սպիրտի եւ 1 թեյի գդալ ջրածնի գերօքսիդի խառնուրդով (խառնուրդը նախատեսված է սպիտակ գործվածքը մաքրելու համար)։
4. Սկիպիդարով (նախատեսված է ներկված բրդյա եւ մետաքսյա գործվածքների համար), այնուհետեւ լվանալ գոլ ջրով։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
21.06.2016