Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ծննդաբերությունից մահացած կնոջ գործը նորից կքննվի. Վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը

Հունիս 21,2016 22:15

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում նախորդ տարվա մայիս ամսին 3-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի գործը նորից կուղարկվի քննչական: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա ամուսնու՝ Սամվել Հովհաննիսյանի շահերը պաշտպանող Աննա Դավթյանը: Բանն այն է, որ կնոջ մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էր, բուժաշխատողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:

Մինչդեռ մահացածի ամուսինը՝ Սամվել Հովհաննիսյանն առավել քան վստահ է, որ իր կնոջ մահվան մեջ մեղավոր է բժիշկ Վահագն Մադոյանը, որը, ըստ նրա, դեպքի պահին անգամ հիվանդանոցում չի գտնվել: Սամվել Հովհաննիսյանը դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքելով քննիչի՝ իր կնոջ մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն էլ չսպասված վճիռ էր կայացրել մասնակիորեն բավարարել էր Սամվել Հովհաննիսյանի պահանջը: Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրել էր Սամվել Հովհաննիսյանի փաստաբան Աննա Դավթյանը, քննչական բաժինն ու Շիրակի մարզի դատախազությունը ճիշտ չեն գնահատել ձեռք բերված ապացույցները, դատարանն էլ հաստատել էր դա:

Շիրակի մարզի դատախազությունը, սակայն, բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի որոշումը: Երեկ վերաքննիչ դատարանը, լսելով Շիրակի մարզի դատախազ Արթուր Նահապետյանի բողոքը, մերժել է այն՝ անփոփոխ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Աննա Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք բողոք էինք ներկայացրել թե՛ քննչականի դեմ, թե՛ դատախազության, քննչականը պասիվ մնաց, դատախազությունն էր ակտիվ, նրանց ներկայացուցիչը եկավ Վերաքննիչ, բայց արդյունքի չհասան: Եթե հիշում եք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի էր բավարարել մեր բողոքը: Մենք բողոքի մեջ գրել էինք քննիչի որոշումը վերացնել ու պարտավորեցնել… Մենք բողոքը գրել էինք, դրանից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում կայացրեց, որով հստակ ասվում է, որ ընդհանուր իրավասության դատարանները իրավունք չունեն քննիչների որոշումները վերացնելու:

Այսինքն` դա իրենց լիազորությունների սահմանից դուրս է, քննիչների վրա պարտավորություն դնելու իրավունք դատարանը չունի, որովհետեւ քննիչների վերադաս համարվում է քննչական կոմիտեն եւ ոչ թե դատարանը: Մենք մեր բողոքում գրել էինք՝ վերացնել քննիչի, ինչպես նաեւ դատախազի որոշումը ու պարտավորեցնել քննչական բաժնին վերաբացելու գործը, նախաքննությունը շարունակելու: Դատարանն այդ մասով մեր պահանջը մերժել էր, թե պարտավորեցման իրավասություն չունի դատարանը: Ճիշտ է՝ բառացի չէր նշել պարտավորեցնել բառը, բայց որոշման ամբողջ էջերում կարմիր թելի պես անցնում էր գործի փակումը, գործի կարճումը, չէին կատարվել հեռախոսազանգերի վերծանումներ բժշկի, բուժքրոջ, Սամվելի ու կնոջ միջեւ: Նրանց միջեւ հեռախոսային խոսակցություն է եղել. կինն ասել է՝ վատ եմ զգում, բժիշկը ստեղ չէ, գտնենք բժշկին, գան, տեսնեն ինչ կլինի: Ցուցմունքում էլ հակասություններ կան, մի տեղ ասում է՝ կանչեցի, մի տեղ ասում է զանգեցի բժշկին, որ գար: Վերծանումներից չի երեւում՝ բժիշկը տարածքո՞ւմ է եղել, թե՞ ոչ, չէր երեւում նաեւ բժշկական հանձնաժողովի որոշման բնօրինակը, պատճենը կար գործի մեջ, բնօրինակը չկար: Կեսարյան հատում անելու հետ կապված ինչո՞ւ ցուցում չի եղել, այդ կինը հիվանդ է եղել: Այդ ամենը մեկնաբանվել էր մեր կողմից, դատարանն էլ մեր մեկնաբանությունները իր որոշման մեջ ներառել է: Ահագին բացթողումներ կան, գործը նորից կուղարկվի նախաքննության», -ասաց Աննա Դավթյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930