ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը՝ Բերիո Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ:
Սիրիահայ համայնքի հոգևոր առաջնորդը Սփյուռքի նախարարին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի օրհնությունն ու բարեմաղթանքները և նշեց, որ իր համար յուրքանչյուր այցելությունը Հայրենիքի վերելքի ու հաջողության հավատն է ամրապնդում:
Կողմերն անդրադարձան Պապի այցին, այն որակելով որպես պատմական երևույթ, որն ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռելու է Հայաստանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հռոմի Պապի այցը բացառիկ է իր կարգախոսով՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» և հավելեց, որ այցը առանձնահատուկ միջազգային հնչեղություն կունենա. քանի որ այն լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող:
Կարդացեք նաև
Նախարաը խորին շնորհակալություն հայտնեց Սփյուռքյան կառույցներին ու կազմակերպություններին, համայնքներին՝ ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո Հայրենիքի, Արցախի կողքին լինելու համար, այն բարոյական ու նյութական աջակցության, հոգևոր վերազարթոնքի ու միասնականության համար, որ ցուցաբերեց մեր ժողովուրդը:
Կողմերն անդրադարձան Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնախնդիրներին, դրանց լուծման նոր հեռանկարներին և մեկ անգամ ևս շեշտվեց, որ եթե սիրիահայը հեռանում է երկրից՝ նա պետք է ունենա մեկ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ սփյուռքի նախարարություն