Այսօր «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան այցին նվիրված Վարդան Դևրիկյանի «ARMENIAN PILGRIMS IN ROME» («Հայ ուխտավորները Հռոմում») անգլերեն գրքի շնորհանդեսը:
Այն հրատարակվել է «Գիտական կամուրջներ» հ/կ-ն ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Գիրքը օտար ընթերցողներին և լրատվամիջոցներին կներկայացնի հայության Հռոմի սրբավայրերի և Հռոմեական եկեղեցու հետ ունեցած առնչությունները: Այն լույս է տեսել 500 տպաքանակով:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Դևրիկյանը նշեց, որ գրքում ցույց է տրվում հայ-հռոմեական ներդաշնակ հարաբերությունները, թե ինչպես մեր ժողովուրդը մաս է կազմել ընդհանուր եվրոպական քաղաքակրթության, ինչպես է անցել ընդհանուր քրիստոնեական սրբավայրերով. «Գրքում ներկայացված են հայ-հռոմեական երկու դաշինքները, թե ինչպես են այդ դաշինքները որոշակի քաղաքական ընդհանրություն ընկալվել Հայաստանի և Հռոմի միջև, որը որոշակի պարտավորություն, բարոյական պարտք է դրել Եվրոպայի առջև: Հայ հռոմեական կապերն անասելի կարևորություն են ունեցել մշակութային ոլորտում՝ նպաստելով հայկական տպագրության զարգացմանը, եվրոպական գրականությանը, եվրոպական գիտության արվեստի նվաճումները հայ կյանքում տարածվելուն»:
Հեղինակն ավելացրեց, որ գիրքը երեք ուղղություն ունի. ներկայացնում է Հռոմ գնացած հայ ուխտավորներին, հայ ազատագրական նպատակով Հռոմ դիմածներին և հայկական տպագրության համար Հռոմ գնացածներին. «Աշխատել եմ գրքի մեջ նկարները դնել ոչ թե զուտ որպես պատկերազարդություն այլ ասվածը նկարներով բացատրելու, նկարներով հավաստելու համար»:
Պարոն Դևրիկյանի խոսքով գիրքը գիտաճանաչողական բնույթ ունի և ուղղված է Հռոմի պապի հետ եկող մարդկանց՝ լինի ուխտավոր, լրագրող կամ պատվիրակություն. «Որոշեցինք անգլերեն հրատարակել, քանի որ սա դրսից եկող մարդկանց համար բացատրական բնույթ է կրելու: Սա ոչ միայն շարադրանք է, այլև յուր շարադրանքի մեջ բացատրված է անձը, անունը, հասկացությունը»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ