Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ռադիկ Մարտիրոսյանը նորից առաջադրվի, ես կքվեարկեմ նրա օգտին». Վարդան Դևրիկյան

Հունիս 21,2016 20:32
Radik martirosyan

«Ռադիկ Մարտիրոսյանը շատ հստակ տվել է բնորոշումը,նա ասել է, որ աղքատ, թույլ երկիր է և այդ բնույթի երկրները չեն կարող զենք արտադրել»,- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ «Հայաստանը քոսոտ երկիր է» արտահայտության վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Devrikyan 2

Նրա խոսքով՝ մեզ մոտ հիվանդագին շեղում կա, միշտ ինչ-որ թերություն են ման գալիս, գտնում.« Եթե կանխատրամադրվածություն չլիներ, հատուկ հաշվեհարդարի միջոց չլիներ, խեղաթյուրման միջոց չլիներ, նույն հարցազրույցը շատ ավելի ընտիր տարբերակով լույս է տեսել ռուսերեն « Голос Армении» թերթում: Եթե կարդաք, կհասկանաք, որ նրա հարցազրույցի իմաստն այն է,թե ինչպես պետք է լինի մեր սպառազինության ապագան, ինչ բնագավառներ և ինչ ուղղություններն են, որ պետք է լինեն որպես զինարտադրություն, և ինչն է, որ Հայաստանում տեխնիկապես հնարավոր չէ արտադրել և պետք է գնել»:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Դևրիկյանն անդրադարձավ նաև ԳԱԱ գալիք ընտրություններին և վերջերս բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանի՝ մամուլի ասուլիսի ժամանակ ԳԱԱ-ի համակարգային փոփոխությունների մասին խոսքին. «Արծրունի Սահակյանի ասուլիսը գիտականի բարոյական նկարագրին վայել չէր, իր պահվածքն անվայել էր գիտնականի պահվածքին:

Եթե որևէ մեկը դժգոհություն ունի Ռադիկ Մարտիրոսյանի գործունեությունից, դա չի նշանակում, որ ինքը պետք է ցեխ շպրտի ակադեմիայի վրա: Ակադեմիան հարկավոր է մեր երկրին՝ որպես հավաքական կազմակերպություն, որպես լիազոր մարմին, որ  ներկայացնում է հայկական գիտությունը աշխարհում: Ես երբեք ինչ-որ «շակալային թաքնվումներ» չեմ ունեցել և եթե Ռադիկ Մարտիրոսյանը նորից առաջադրվի, անվերապահորեն ես կքվեարկեմ նրա օգտին, քանի որ խորապես հարգում եմ նրան և նա մեծ գիտական վաստակ ունի»:

Անընդհատ հնչող այն կարծիքին՝ թե ակադեմիան իր «դարն ապրել է», պարոն Դևրիկյանը պատասխանեց.«Աշխարհի զարգացած երկրներն էլ ակադեմիաներ ունեն: Ակադեմիան կապրի իր դարն այն դեպքում, երբ մեր գիտությունն ապրի իր դարը»:

 Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Հարգելի Վարդան Դեվրիկյան, երիտասարդ տարիներիդ սկզբունքայնությունն է քեզ լքել: Հիշում եմ, 1988-1990 թվականներին դու Ռադիկ Մարտիրոսյաննների նմաններին չէիր հարգում, երբ այդպիսիները քամհարանքով և կոպիտ էին արտահայտվում քո հայրենյաց սրբությունների հասցեին: Պաշտոնիդ բարձրացմանը զուգահեռ դու է՞լ ես փոխվել ու նմաններին արդարացնելու հնարքներ ես փնտրում: Չեմ ուզում հավատալ, որ նվազել է սկզբունքայնությունդ: Իսկ եթե պաշտոնիդ բերումով շփումներն են դեր խաղում, հիշիր, որ դու դեմ էիր հենց նման կապանքներին:

  2. nona says:

    Եթե ազնվություն ու տղամարդկություն ունենայինք ասվածի մեջ ճշմարտութան հատիկ տեսնելու և լուրջ ու սթափ մտորելու, ապա, չէինք կառչի պահի տակ ասված բառից: Դե թող Մարտիրոսյանի տեղն էլ զբաղեցնի մի քանի գիտութան դոկտոր պրոֆեսոր Արծրուն Սահակյանը, ով վատ և փակվելու արժանի Ակադեմիայի ինստիտուտներից մեկի՝ գրականութան ինստիտուտի տնօրեն դառնալու համար, ոչ վաղ անցյալում պայքարում էր……….

    • Կարեն says:

      Հարգելի nona, հետևեցի սթափ մտածելու վերաբերյալ Ձեր կոչին:
      Դուք փաստորեն ուզում եք, որ Ռադիկ Մարտիրոսյանը Բրեժնևի օրինակով հավերժ ղեկավարի և ճահճացնի՞ առանց այն էլ ճահճացած մեր գիտական կարևորագույն կառույցը: Իսկ Ձեր առաջարկած ճշմարտության հատիկը պետք է փնտրել ոչ թե մեզ հուսահատեցնող և նվաստացնող խոսքերի մեջ, այլ գիտնականին ոգևորող և գիտական ներուժը բարձրացնող հայտարարությունների մեջ, գիտական ծրագրերի գեներացմանը խրախուսող կոչերի և հանրապետության գիտության գերակա ուղիների վերանայումների ու որոնումների մեջ: Համոզվեցինք, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում Ռադիկ Մարտիրոսյանը կամ դրա կողմնակիցը չի եղել կամ էլ չի ունեցել դրա ընդունակությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930