Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանը հերքում է, որ ՌԴ-ն ԼՂՀ հարցում դոմինանտ է դառնում, իրենք էլ «կողքից նայողի» դերում են հայտնվում

Հունիս 21,2016 18:35

«Փաստը, որ երկու պետությունների նախագահները հանդիպում են, տեղի են ունենում շփումներ, որոնք ուղղված են վստահության ձեւավորմանը, արդեն իսկ լավ նշան է: Առանց երկխոսության չի կարող կլինել երկուստեք միմյանց ճանաչելու գործընթաց»,- Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր Մեդիա կենտրոնում հրավիրած ասուլիսում այսպես մեկնաբանեց Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպումը:

Հարցին՝ միջադեպերի հետաքննող մեխանիզմների ներդրման հարցում Ֆրանսիան ինչ աջակցություն կարող է ցուցաբերել՝ դեսպանը պատասխանեց, որ դա Վիեննայի հանդիպման ժամանակ քննարկված կարեւոր հարցերից մեկն է. «Մեր դիտարկմամբ՝ դրա շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում վստահության մեխանիզմներ ունենալ: Սա ինքնին արդեն ենթադրում է պարոն Կասպրշիկի լիազորությունների ընդարձակում եւ սահմանի ողջ երկայնքով մեկ հսկողության հետաքննող մեխանիզմների տեղադրում: Մենք, բնականաբար, կողմ ենք դրա իրագործմանը եւ աշխատում ենք այդ ուղղությամբ:

Հարցին՝ երբ դիվանագիտությունը լռում է, կրակոցներով են հարց լուծում, մինչեւ այժմ համանախագահող երկրների համար պարզ չէ՞ ով է սկսել պատերազմը, երբ կան տեսագրություններ, փաստեր, չպե՞տք է Ադրբեջանը պատժվեր՝ դեսպանը պատասխանեց. «Այն, որ դիվանագիտությունը ոչինչ չարեց՝ համաձայն չեմ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եղավ մոբիլիզացում շահագրգիռ բոլոր երկրների՝ հատկապես համանախագահող երկրների մայրաքաղաքներում, ես էլ եմ մասամբ ինտեգրված եղել այդ գործընթացում»:

Իսկ թե ինչու Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը խոսք չի եղել հետաքննող մեխանիզմների մասին՝ դեսպանի տվյալներով՝ «Այդ աշխատանքները շարունակվում են Վիեննայում: Եթե այդ մասին չի նշվել երեկվա հայտարարության տեքստում, դա դեռ չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվում»:

Լրագրողների հարցին, որ ՌԴ-ն նախաձեռնությունն  իր ձեռքն է վերցնում, դոմինանտ է դառնում ԼՂՀ հարցի կարգավորման հարցում եւ մյուս համանախագահողները մնում են կողքից նայողի դերում, գուցե այն կարծիքին եք, որ սա ՌԴ-ի շահերի տիրույթում գտնող հարց է՝ նա պատասխանեց. «Չէ, մենք էդպես չենք մոտենում հարցին: Մինսկի խմբի համանախագահությունն աշխատում է մշտապես պահպանվող երկխոսության ռեժիմի շրջանակներում: Համաձայնեցված, փոխադարձ կապակցված երկխոսություն է լինում: Համանախագահող երկրներից մեկը ժամանակ առ ժամանակ ստանձնում է նախաձեռնություն: Բարի կամքի ցանկացած դրսեւորում՝ միտված այս հարցի կարգավորմանը, ցանկալի է»:

Սանկտ Պետերբուրգի հանդիպման հայտարարության մեջ ասվում է, որ ակնկալվում են այլ հանդիպումներ եւս: Ֆրանսիայի դեսպանը չբացառեց, որ հաջորդ հանդիպումը կայանա Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

Դեսպանը նաեւ անդրադարձավ Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստացողների դժգոհություններին: Նա ասաց, որ շրջանառվող այդ շշուկները իրեն էլ են հասել. «Ցավում եմ նման խոսակցությունների համար, բայց դրանք այլեւս չեն համապատասխանում իրականությանը: Գուցե մի որոշ ժամանակ առաջ կային դժվարություններ, բայց այլեւս այդպես չէ»:

Ըստ դեսպանի, երբ կարճաժամկետ՝ մինչեւ 3 ամիս տեւողությամբ այցելությունների համար են վիզա ուզում, ընդամենը 16.5 տոկոսն է մերժվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930