«Անին անհատականություն է՝ երբեմն ազատ, երբեմն «պայթուցիկ», երբեմն… Գեղանկարչության մեջ նրա արածն իր երաժիշտ էության ներսում հիմքեր ունի: Երաժշտությունն ամենամեծ ազատությունն է. հնչյունները նյութական ոչինչ չունեն իրենց մեջ, նույնիսկ բառ չեն դառնում թարգմանվելու համար: Այդ աստիճան ազատ են:
Անին, ըստ երևույթին, այդպիսի ազատության միջից է իր նկարչությունն ստեղծում: Ազատ հնչյունների, ազատ տարածությունների զգացողություն կա նրա գործերում»,- կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես է բնութագրում երիտասարդ նկարչուհի Անի Հովակի ստեղծագործությունը:
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում հունիսի 20-ին բացվել է Անի Հովակի կոլաժների ցուցահանդեսը: Սա նրա թերևս ամենամեծ ցուցահանդեսն է, որտեղ մոտ հիսուն աշխատանք է ներկայացրել»:
Չորս տարուց ավելի է՝ Անի Հովակն զբաղվում է նկարչությամբ: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, երգում է «Հովեր» երգչախմբում ու նվագում «Զանգակներ» խմբում:
Կարդացեք նաև
«Նկարչությունն ու երաժշտությունը շատ կապակցված են: Ոչ մի կերպ չեմ պատկերացնում առանց մեկը մյուսի: Վերջերս շատ եմ լսում Արվո Պյարտին, Գուստավ Մալերին: Այնպես չէ, որ միայն դասական երաժշտություն եմ սիրում, բլյուզ, ջազ էլ եմ լսում: Ոգեշնչվում եմ լավ երաժշտություն լսելով, «Հովեր»-ում երգելով, լավ ֆիլմ նայելով, լավ մարդկանց հետ շփվելով…»,- մեզ հետ զրույցում նշեց նկարչուհին:
Նա իր կոլաժներում առաջին պլան է բերում «ոչ պիտանի» իրեր՝ մետաղական թափոններ, կտորտանքներ այլն, որոնք դառնում են կոմպոզիցիայի կարևոր մաս:
«Նյութս ամեն ինչ է, այն ամենը, ինչ կարող է ձեր մտքով անցնել,- ասում է Հովակը,- միշտ նոր նյութեր եմ փնտրում: Դրանք գտնում եմ ամեն տեղից: Հաճախ ընկերներս են արկղերով նվիրում:
Կոլաժը տարածք է, որտեղ ես չեմ կասկածում, հանգիստ եմ, խաղաղ ու շատ եմ վստահում ինձ: Այնպես չեմ սիրում վերնագրեր, խորագրեր… Ազատություն եմ սիրում, որովհետև նույն գործում դուք կարող եք մի բան տեսնել, ես՝ մեկ այլ»:
«Անիի արվեստանոցն իր սենյակն է,- ասում է Հովակի քույրը՝ նկարչուհի Շամիրամ Հովակիմյանը,- ամեն տեղ նյութեր են, ներկեր, վրձիններ… Ավելի շատ արվեստանոցի տպավորություն է թողնում, քան ննջասենյակի»:
Շամիրամը հաճախ է կողքից հետևել քրոջն աշխատելիս. «Ունքերը կիտած, կլանված աշխատում է: Ձայն ես տալիս, ուզում ես ինչ-որ բան հարցնել, չի լսում: Երբ ավարտում է գործը, «հետ է գալիս» այդ վիճակից, նոր կարողանում ենք խոսել հետը:
Գործեր կան, որ ընդհանրապես չի հավանում, դրանք կիսատ է թողնում: Գործեր էլ կան, որ շատ է հավանում, ասում է՝ սա ամենալավն է: Ի դեպ, այդպիսի գործերը շատ են»,- մեզ հետ զրույցում պատմեց Շամիրամ Հովակիմյանը:
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 23-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ