Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքիի ջրվեժը կաշխատի, թե՝ ոչ, կախված է ՀԷԿ-ի սեփականատիրոջից (Տեսանյութ)

Հունիս 21,2016 18:06

Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երում (ՓՀԷԿ) կատարված մոնիտորինգի արդյունքները բացահայտել են մի շարք խնդիրներ, որոնք են՝ նախագծային սխալ ջրատնտեսական հաշվարկներ, բնապահպանական թողքի չապահովում, ձկնանցարանների եւ ձկնապաշտպան ցանցերի ֆունկցիոնալ անհամապատասխանությունը եւ ձկնաշխարհի կենսաբազմազանության եւ տեղաբնակ ձկնատեսակների վտառների քանակական ցուցանիշների բացասական փոփոխությունները, ՓՀԷԿ-երի արտադրողականության անբավարար մակարդակը, ՓՀԷԿ-երի կասկադների ձեւավորում՝ առանց կումուլիատիվ ազդեցության գնահատման:

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը բնապահպանության հետ համատեղ իրականացրել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին՝ գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության եւ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» 2014-2016 թթ. ծրագիրը: Այս ծրագրի ամփոփումն ու մոնիտորինգի արդյունքներն այսօր ներկայացվեցին Ամերիկյան համալսարանում:

«Էկոլուրի» ղեկավար Ինգա Զառաֆյանն ասաց, որ ուսումնասիրել են 87 փոքր ՀԷԿ-եր, եւ բացահայտած խնդիրների լուծման համար ծրագրով նաեւ մի շարք առաջարկություններ են ներկայացրել:

aylandak HEK-er (3) aylandak HEK-er (1)Ըստ ուսումնասիրության, կան գետեր, որոնց երկարության 30 տոկոսից ավելին խողովակի մեջ է կամ կարող է հայտնվել նոր կառուցվող ՓՀԷԿ-երի պատճառով: Այդ գետերից մեկը Եղեգիսն է, որի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով՝ 47 կմ/51.46%-է: Եղեգիս գետի վրա 10 փոքր ՀԷԿ կա: Եղեգիսի Կարակայա վտակի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով՝ 15 կմ/67.76%, այս վտակի վրա 3 ՓՀԷԿ կա, իսկ Կարակայայի Այսաս վտակի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով՝ 12կմ.49.96%, այս վտակի վրա էլ 2 ՓՀԷԿ կա:

«Հարց է՝ մենք ունե՞նք Եղեգիս գետ, թե՝ ոչ»,-ասաց Ինգա Զառաֆյանը:

Ձորագետի վրա կառուցված հիդրոէներգետիկ եւ հիդրոտեխնիկական կառույցները, ինչպես նշված է զեկույցում, խոչընդոտում են ձկների միգրացիային: Արդյունքում Դեբեդ գետում բնակվող ձկնատեսակները, որոնց մեծ մասին բնորոշ են սեզոնային միգրացիաները, հատկապես բազմացման շրջանում, հնարավորություն չունեն բարձրանալ Ձորագետի հոսանքն ի վեր՝ այստեղ բնակվելու եւ բազմանալու համար:

Ձկնատեսակների բազմացմանը խոչընդոտող խնդիրները առկա են շատ գետերում, որտեղ կան ՓՀԷԿ-եր:

IMG_7731Հեղնաջուր գետի վար ՓՀԷԿ-ի պատվարի կառուցման հետեւանքով ձեւավորված է լճականման ջրակալ, որը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արծաթափայլ կարասի նշված տարածք ներթափանցման եւ կլիմայավարժման գործում. Սա ցանկալի երեւույթ չէ: Լճակում հավաքված ջուրը շատ ավելի է տաքանում ամռանն ու սառչում ձմռան ամիսներին, ինչը նույնպես խաթարում է կարմրախայտի բնականոն միգրացիան եւ կենսակերպը:

Իսկ օրինակ Արտաբույնք գետում ձկներ չեն բնակվում: Ձկների բացակայության մասին, ըստ զեկույցի, վկայում են բնակիչները. Այս խնդիրը, մոնիտորինգի հեղինակները կապում են ջրի մեջ առկա որոշ քիմիական նյութերի հետ: Սակայն որպեսզի այս հանգամանքը հաստատվի, ըստ զեկույցի, հարկավոր է լրացուցիչ ուսումնասիրություն: Մոնիտորինգի արդյունքներով, ՓՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի իրական արտադրությունը չի համապատասխանում նախագծով նախատեսված հաշվարկային արտադրությանը:

Տիկին Զառաֆյանը ներկայացնելով մի շարք գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի կողմից առաջացրած խնդիրները, նաեւ անդրադարձավ Շաքիի ջրվեժին, որի «աշխատել-չաշխատելը» կախված է այստեղի ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ կամքից:

Բացի այս, ինչպես նշեց Զառաֆյանը, Ծավ փոքր ՀԷԿ-ը կառուցված է Շիկահողի արգելոցի բուֆերային գոտում. «Եվ անհասկանալի է ինչ ազդեցություն կարող է թողնել արգելոցի կենսաբազմազանության վրա: Մի քանի փոքր ՀԷԿ սնվում են մաքուր աղբյուրից, եւ այդ ջուրը խողովակաշարով գնում է ՓՀԷԿ: Եվ այս մայրական աղբյուրները պահպանելու ուղղությամբ աշխատանքներ են հարկավոր»:

Ըստ ուսումնասիրության, ՓՀԷԿ-եր են կառուցված «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցների բուֆերային գոտիներում, «Սեւան», «Դիլիջան», «Արեւիկ» ազգային պարկերի տարածքներում, «Ջերմուկի», «Եղեգնաձորի», «Գետիկի», «Իջեւանի» այլ արգելավայրերում:

«Եթե անտառահատվածում թույլ են տալիս փոքր ՀԷԿ-եր կառուցել, եւ որեւէ արգելք չկա դրանց համար: Օրենսդրությունում հստակ նշված չէ, որ չի կարելի»,-ասաց Զառաֆյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Այս մոնիտորինգի ներկայացմանը ներկա էր նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, «Փոքր ՀԷԿ-երի միության» ղեկավար Նաիրա Նահապետյանը, որը զեկույցում ներկայացված առաջարկությունների հետ այնքան էլ համամիտ չէր: Նշենք, որ տիկին Նահապետյանն էլ ՓՀԷԿ-երի սեփականատեր է:

Նահապետյանի առարկությունները՝ տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նահապետյանն անդրադարձավ նաեւ իր սեփական ՀԷկ-ին, նշելով, որ այն շատ հին է՝ 1920-ական թվականներին է կառուցվել: Մեր հարցին՝ բնապահպանները պնդում են, որ Նահապետյանին պատկանող ՀԷԿ-ը գործում է ոռոգման համակարգի վրա, ինչը անթույլատրելի է բնապահպանական տեսակետից, Նահապետյանն ասաց. «Երբեք ոչ մի ՀԷԿ չի խանգարում ոռոգման սեզոնին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930