Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդում քննարկվել են Հարկային օրենսգրքի հնարավոր բացասական հետևանքները

Հունիս 21,2016 17:45

Հանրային խորհրդում այսօր` հունիսի 21-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Սամվել Ճզմաչյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Արմեն Բալդրյանը և Հովհաննես Թադևոսյանը:

Քննարկման մասնակիցները բարձրացրել են Հարկային օրենսգրքի մի շարք դրույթների հետ կապված մտահոգություններ, քննարկել դրանց հնարավոր բացասական հետևանքները հարկային համակարգի, գործարար միջավայրի և ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա: Եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման տեսանկյունից քննարկվել է մասնավորապես ՏՏ ոլորտի և բանկային համակարգի աշխատողների վրա հարկային բեռի ավելացման հարցը:

Խիստ մտահոգություն է առաջացրել նաև շրջանառության հարկի շեմի նվազումը, որը, ըստ ՀԽ անդամների, լուրջ վնաս կարող է հասցնել փոքր և միջին ձեռնարկատերերին` հանգեցնելով սոցիալական ծանր հետևանքների:

Քննարկվել են նաև շահաբաժինների հարկման, ամորտիզացիաների ժամկետների երկարաձգման, հարկային կանխատեսելի դաշտի բացակայության խնդիրները, ինչպես նաև օրենսգրքի գաղափարա-փիլիսոփայական կողմը: Ներկաները կարևորել են առհասարակ Հայաստանում հարկահավաքման ոլորտում նոր մոտեցումների ընդունման անհրաժեշտությունը` նկատելով, սակայն, որ այդ առումով Հարկային օրենսգրքի ընդունմամբ որևէ փոփոխություն տեղի չի ունենում, այլ ընդամենը թվերն են փոփոխվում` նոր սոցիալական լարվածության հեռանկարով:

Աշխատանքային խմբի անդամները պայմանավորվել են համապատասխան փաստաթուղթ մշակել, որը կներկայացվի Հանրային խորհրդի փոքր խորհրդի` հունիսի 23-ին տեղի ունենալիք նիստին, որից հետո Հանրային խորհրդում տեղի կունենա լայն քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և այդ ամենի արդյունքում ձևավորված դիրքորոշումն ու առաջարկները կներկայացվեն ՀՀ նախագահին ու կառավարության ղեկավարին:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու

Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930