Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի մի էջ, որ չգրվել չէր կարող

Հունիս 21,2016 17:49

«Սոսի հիշատակը, նրա գերեզմանը… ամբողջ կյանքում ինձ հետ է եղել, անդադար ուղեղումս էր, ու անընդհատ խմորվում էր, հասունանում… Սոսի մասին չեմ կարողանում առանց հուզվելու խոսել»,- ասում է Անդրանիկ Հարությունյանն ու սրբում խոնավ աչքերը:

Սոս Նալղռանյանը Վանաձորի առաջին զոհն էր, որ ընկավ Ոսկեպարում 1990 թվականին: Մանկության ընկերներ են եղել Սոսն ու Անդրանիկը, միասին դպրոց գնացել ու 1990 թվականին բաժանվել ընդմիշտ: Հիմա Վանաձորի 13-րդ դպրոցը նրա անվամբ է կոչվում, որտեղ կրթություն ենք ստացել շատերս, որտեղ մայրենիի խորհրդավոր դռները մեր առջև բացեց Անդրանիկի մայրը՝ Սաթենիկ Մխիթարյանը:

Ապրիլյան պատերազմը ամենօրյա ռեժիմով ներխուժեց մեր կյանք, մեր առօրյա, լրագրողներիս գերկարևոր թեման դարձավ Հայրենյաց սահմանի պաշտպանությունը՝ հարակից տագնապներով, հույսերով՝ զոհեր, վիրավորներ, օգնություն բանակին…

«Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Նա կամավորական ջոկատի մարտիկների եւ զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց» (Ն. Ա. 06.05.16):

Ինձ համար մեծ համարձակություն էր գրել մի մարդու մասին, որի համեստությանն ու զսպվածությանն անձամբ էի տեղյակ, իսկ հայրենասիրության մասին արդեն ավելորդ էր խոսել:

Կնոջից՝ Շահանդուխտից իմացա, որ իսկապես կամավորական ջոկատի հետ գնացել է դիրքեր, որ 1-ին գծում է, խեղճը բան չգիտեր, և ես ակամայից դարձա ամուսնու վիրավորվելու բոթը հայտնողը: Ա. Հարությունյանի վիրավորվելու դառը լուրը սրընթաց տարածվեց, իսկ Վանաձորում անսպասելի իրարանցում էր:

17 տարի առաջ ընդամենը երեք տարի քաղաքապետ աշխատած մարդուն ի՜նչ սիրով ու գորովանքով, մեծարման ու գորովալից ի՜նչ խոսքերով էին հիշում վանաձորցիները, որքա՜ն ափսոսանք կար, որ ծանր վիրավորվել է, որքա՜ն հավատ՝ մոտ անցյալում ապագայի նկատմամբ եղած վստահության նկատմամբ:

Ա. Հարությունյանը լրացրեց իր կյանքի այն բաց էջը, որ ընկերոջ՝ Սոսի նահատակվելուց հետո փափագել էր գրել:

Գնացել էի տեսակցության. արդեն տանն էր. նույն ուժեղ ու հպարտ պարոն Հարությունյանը, նույն բարի ու հայրենասեր մարդը, որ անդամալույծ անգամ՝ պատրաստ է անցնել նույն ճանապարհով.

– Էլի կգնամ, բայց արդեն զգույշ կլինեմ,- կատակում է ու պատմում ընկերոջ՝ Սոս Նալղռանյանի մասին։- Նրա զոհվելուց հետո ես ինչ-որ բան էի փնտրում, իմ մեջ ինչ-որ բան էր կուտակվում, զգում էի, որ մի օր մի բան պիտի անեմ, անընդհատ փնտրում էի, փորձում էի հասկանալ, սպասել հարմար առիթի, ու եղավ առիթը՝ պիտի գնայի։ Դեռ շարժման տարիներին ընկերներով ջոկատ կազմեցինք, գնացինք Մայմեխ սար, կրակել ու նռնակ նետել սովորեցինք, մի շաբաթ մնացինք ձյան ու սառնամանիքի մեջ ու պատրաստվեցինք. գիտեինք, որ պիտի գնանք ու պատրաստ պիտի լինենք: Ես նույնիսկ խոր ծերության տարիքում, մահվան շեմին էլ լինեի, ու առիթ լիներ, էլի պիտի գնայի. եթե չգնայի, գերեզմանում անգամ հանգիստ չէի լինի։ Հիմա գոնե հանգիստ եմ:

Հարցրի՝ սպասո՞ւմ էիք նման արձագանքի։ Նախ՝ բարեկամաբար աչքերը ոլորեց վրաս, որ իրազեկողը ես եմ եղել, որը պիտի չանեի, որովհետև ինքը անաղմուկ, առանց նկարահանվելու էր գնացել, և ես, իրեն ճանաչելով, պիտի չանեի նման բան, ապա՝ ժպտալով պատասխանեց.

– Ես չէի սպասում այդպիսի արձագանքի. կարծում էի՝ մոռացվել է ամենը, անիմաստ կորել են այն տարիները, այն ժամանակաշրջանը… Էպոպեան իզուր չի անցել։ Մտածում էի՝ անփառունակ վախճան է, բայց ժողովրդի մեջ ինչ-որ բան մնացել է։ Ցանկացած փորձության կարելի էր գնալ, մանավանդ որ այս օրերին բոլորը պատրաստակամ են, բոլորը՝ մեկը մյուսից առյուծացած ու հայրենասեր, մեկը մեկին հարեհաս, ինչպես մեր ջոկատի յուրաքանչյուր մարտիկ էր: Շնորհակալ եմ, որ արձագանքել են: Ես հիմա այնքա՜ն եմ շնորհակալ բոլորին, ես նույնիսկ զարմացած եմ՝ որքա՜ն վանաձորցիներ են զանգահարել ու հետաքրքրվել. ուրեմն իզուր չեն անցել այդ տարիները, ուրեմն մի բան մնացել է…

Իսկ մնացել է շա՜տ բան, մնացել է քաղաքը երկրաշարժից հետո իր նախկին տեսքին բերելը, փոքր բյուջեով մեծ գործեր անելը, շատ բան է մնացել, իսկ ամենակարևորը՝ մնացել է արդարամիտ ու բարի առաջին քաղաքապետի լուսավոր կերպարը:

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930