Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Վոլոդյա Բադալյանը, Վահրամ Մկրտչյանը, Տաճատ Վարդապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան ժամանած Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետական կուսակցության կապերը Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ ակտիվացել են: Տիկին Մուրադյանը նշել է, որ ՀՀ Նախագահի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն նոր ուղի է հարթել երկու երկրների բարեկամության եւ հետագա համագործակցության ու փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ընդգծվել է, որ երկու երկրների նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրն արդեն իսկ այդ հարաբերությունների հիմք է դրել: Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ Չինաստանի հետ Հայաստանի հարաբերություններն սկիզբ են առել դեռեւս 2-րդ դարից՝ Մետաքսի ճանապարհով: Պատգամավորը կարեւորել է նոր Մետաքսի ճանապարհի եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում Չինաստանի մասնակցությունը եւ ներդրումը:
Կարեւորելով երկու երկրների մշակույթների միջեւ փոխադարձ կապը եւ համագործակցությունը՝ տիկին Մուրադյանը նշել է, որ դրա վառ ապացույցն է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացումը: Հայ խորհրդարանականները փոխադարձ բարեկամությունը եւ գործընկերային հարաբերությունները կարեւոր են համարել ոչ միայն բարեկամական առումով, այլ նաեւ՝ քաղաքական:
Տիկին Մուրադյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Չինաստանի հետ բարեկամական խումբ եւ ներկայացրել է խմբի անդամներին:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Լի Գոինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք առաջին անգամ են այցելում Հայաստան: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներին՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում մեծ աշխատանք կատարելու եւ նշանակալի ներդրում ունենալու համար: Լի Գոինն ասել է, որ չնայած երկու երկրները հեռու են իրարից, սակայն ունեն շատ նմանություններ եւ ընդհանրություններ. երկու երկրներն էլ մեծ ներդրում են ունեցել ազգերի քաղաքակրթությունների զարգացման գործում: Նշվել է, որ չինական կողմը պատրաստ է իրականացնելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում:
Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրերին, նույնպես կարեւորել են հայ-չինական հարաբերությունների սերտացումը, ընդգծել երկկողմ այցերի եւ հաճախակի շփումների անհրաժեշտությունը:
Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարեւորել են օրենսդիր մարմինների միջեւ սերտ աշխատանքը: Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը:
ՀՀ ԱԺ
Ես միլիոն անգամ կգերադասեի չինական տեսակի կոմունիստներին ՀՀԿ-ից, չնայած ամեն տեսակի կոմունիստներից զզվում եմ: