Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դրված ընդդեմ Թուրքիայի զեկույց: Այն վերնագրված է «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում»:
Զեկույցում ներկայացվում է, որ Թուրքիան բախվում է Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքներին, մասնավորապես, փախստականների խնդիր, քրդական հարց:
Հիշատակելով 2015-ին թուրք-քրդական բախումները, մասնավորապես Թուրքիայի հարավ արևելքում տեղի ունեցած ռազմական բախումները` ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնում Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ոլորտում գոյություն ունեցող մի շարք խնդիրների շուրջ:
Զեկույցում մասնավորապես ամրագրված է. «Վեհաժողովը լուրջ մտահոգություններ ունի մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներով և Թուրքիայի իշխանություններից պահանջում է իրականացնել արդյունավետ հետաքննություն, ներդնել գործուն մեխանիզմեր ուսումնասիրելու համար երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը և հրապարակել հեղինակավոր զեկույցներ»:
Կարդացեք նաև
Զեկույցում մտահոգություն կա նաև բազմաթիվ թուրք պատգամավորների, հիմնականում ընդդիմադիր, անձեռնմխելիությունից զրկելու փաստի վերաբերյալ: Խոսքի ազատության ոլորտում սահմանափակումները ևս ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում են, ինչպես նաև դատական համակարգի կախվածության հարցը:
Որպես եզրակացություն` ամրագրված է հետևյալը. «Մոնիտորինգի հանձնաժողովի եզրահանգումն այն է, որ վերը նշված հիմնախնդիրները լուրջ մարտահրավեր են երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության և Թուրքիայի` ԵԽ առաջ ստանձնած պարտավորությունների կատարման առումով:
Տեղեկացնենք, որ զեկույցը Վեհաժողովը կքննարկի վաղը` Երևանի ժամանակով ժամը 12.00-ից սկսած:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ