«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով այսօր երկրորդ վկան՝ Ռուդիկ Խլոյանը, դատարանում պատմեց, որ դեպքի օրը «Նուբարաշեն» ՔԿՀ -ի ավտոկայանատեղիում է եղել, երբ հնչել են կրակոցներ, բայց ինքը չի պատկերացրել, որ կրակոցներ են:
Նրա խոսքով, դեպքի օրը գնացել էին ընկերոջը տեսնելու, մեքենայից իրեր էին հանում, երբ կրակոցները հնչեցին, բոլորը սկսեցին այս ու այն կողմ գնալ, բացի իրենից, ինքը մնաց մեքենայի մեջ՝ կարծելով, թե հրավառություն է:
Դատավորը հիշեցրեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում պատմել էր, թե տեսել է կրակողներից մեկի դեմքը, իսկ Ռուդիկ Խլոյանը բացատրեց. «Էնտեղ խոսում էին, որ կրակողներից մեկը եղել է իմ ավտոյի հետեւի մասում, ես էլ էդպես գրեցի իմ ցուցմունքում»:
Վկան հայտարարեց, որ ինքը ոչ մեկին դեպքի վայրում չի տեսել:
Կարդացեք նաև
Երրորդ վկան էլ՝ Գրիգոր Իսրայելյանը, պատմեց, որ քրեակատարողական հիմնարկի մոտ սպասում էր հաճախորդին, որ հետ տաներ ու սպասելիս որոշեց քնել, հենց այդ ժամանակ էլ կրակոցի ձայն է լսել, հետո ոստիկանությունից են եկել, տարել բաժին:
Կրկին էական հակասությունների պատճառով դատարանին միջնորդություն ներկայացվեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, դատարանն էլ բավարարեց միջնորդությունը:
Ըստ նախաքննական ցուցմունքի. «Դիմակով մի տղամարդ ավտոմատով կանգնած էր ձախ կողմում գտնվող «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի մոտ ու հայհոյում էր, հետո սկսեց կրակել փոքր ավտոկայանատեղիի ուղղությամբ: Ես էլ վնասվածքներից խուսափելու համար թաքնվեցի… Հետո եմ իմացել, որ Լյովիկ անունով մեկն է սպանվել»:
Նախաքննական ցուցմունքը լսելուց հետո վկա Իսրայելյանն ասաց, որ իր նախաքննական ցուցմունքը համապատասխանում է ճշմարտությանը:
Հիշեցնենք, որ անցած տարի մարտի 4-ին Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով երեքն էլ մահացել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ