Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 21-ին, տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների և հայ արտահանող գործարարների մասնակցությամբ: ՏՄՊՊՀ-ի կողմից կազմակերպած հանդիպման նպատակը արտահանման ոլորտում առկա մրցակցային խնդիրների քննարկումն ու առկա խոչընդոտների վերացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումն է:
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՌԴ առևտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցևը, «X5 Retail Group» ընկերության նախագահ Ստանիսլավ Նաումովը, մեկ տասնյակից ավելի ռուսական առաջատար առևտրային ցանցերի ղեկավարներ, ինչպես նաև արտահանման մեծ ծավալներ ունեցող 50-ից ավելի հայկական ընկերությունների ղեկավարներ:
Հանձնաժողովի կողմից կատարված հարցումները բացահայտել են մի շարք խնդիրներ
ՀՀ ՏՄՊՊՀ-ը սեփական նախաձեռնությամբ, հարցումներ է իրականացրել արտահանման հիմնական ուղղություններով զբաղվող տնտեսվարողների շրջանում՝ պարզելու, թե ինչ մրցակցային խնդիրներ և խոչընդոտներ են առկա այդ ոլորտում և արդյոք կան խանգարող հանգամանքներ՝արտահանման ծավալների առավել աճ ապահովելու համար: Մի շարք հայկական ընկերություններ դժգոհել են, որ Ռուսաստանի տարածքում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առևտրի ոլորտ: Իրենց հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ լրացուցիչ պայմաններ են թելադրում՝ բարդացնելով մատակարար-սուպերմարկետ հարաբերությունները: Բնականաբար, ապրանքի գնին ավելանում է միջնորդի մարժան, ինչն էլ ազդում է վերջնական արժեքի վրա՝ թանկացնելով հայկական ապրանքները ՌԴ տարածքում: Այս
Կարդացեք նաև
հանգամանքը սպառման ծավալների անկման պատճառներից մեկն է հանդիսանում: Բացի այդ, մատակարարների հանդեպ տարբերակված վերաբերմունք են ցուցաբերում նաև ռուսական մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, ձգձգում են ապրանքի դիմաց վճարումները, սուբյեկտիվ կերպով որոշում ինչպես ցուցադրել տվյալ ապրանքը և այլն:
Ներկայացնելով վերոնշյալ խնդիրները, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ առևտրային ցանցերի կողմից դրսևորվող նման վարքագիծը անբարենպաստ պայմաններ է ստեղծում՝ անորոշ իրավիճակի մեջ դնելով մեր արտահանող ընկերություններին. «Համատեղ ջանքերով պետք է կանխարգելենք և վերացնենք այս երևույթները, քանի որ արտահանման մրցակցային խոչընդոտները լուրջ խնդիրներ են ստեղծում երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների առումով»:
Ա. Շաբոյանը առաջարկել է ներդնել և առաջնորդվել «բարեխիղճ վարքագծի կանոններով»
Միջոցառման ընթացքում ՏՄՊՊՀ-ի նախագահը նշել է, որ ի հայտ եկած խնդիրները մեծապես պայմանավորված են իրավական կանոնակարգման բացով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նոր հիմքի վրա դնել առևտրային ցանց-մատակարար հարաբերությունները. «Առաջարկում եմ հստակ մշակել և կիրառել բարեխիղճ վարքագծի կանոններ, որով իրավական հիմքի վրա կդրվի և կկանոնակարգվի նրանց փոխհարաբերությունները: Ապրանքի ձեռքբերումից սկսած մինչև իրացում և վճարում պետք է հստակ լինի, մատակարարների և առևտրային ցանցերի միջև վեճերի առաջացման դեպքում լուծման մեխանիզմները ևս կներառվեն փաստաթղթում»: Այս առաջարկը գոհունակությամբ է ընդունվել ինչպես հայ, այնպես էլ ռուս գործարարների կողմից, ովքեր նշել են, որ նման կանոնակարգի առկայության դեպքում երկկողմ համագործակցությունը կդրվի շատ ավելի բարձր հիմքի վրա:
Հանձնաժողովը հետևողական է լինելու բարձրացված բոլոր խնդիրների հարցում Ա. Շաբոյանը նշեց, որ հարկ եղած դեպքում ՏՄՊՊՀ-ը կհամագործակցի ՌԴ հակամենաշնորհային ծառայության հետ՝ առկա խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծման նպատակով: Նման հանդիպումները կլինեն շարունակական, քանի որ դրանք նպաստում են նախ՝ արտահանող-իրացնող կապի հաստատմանն ու ամրապնդմանը, և, բացի այդ, նպաստում են առկա խնդիրների արդյունավետ լուծմանն ու կանխարգելմանը: ՌԴ գործարարները վաղը կայցելեն մի շարք արտադրամասեր՝ տեղում արտադրանքին ծանոթանալու և համագործակցության պայմանագրեր կնքելու նպատակով:
ՀՀ ՏՄՊՊՀ