«Արվել է փոքր քայլ` շատ փոքր քայլ, բայց ճիշտ ուղղությամբ: Ըստ պայմանավորվածության` ավելանալու է վեց դիտորդների թիվը, սակայն պարզ չէ, թե որքանով է ավելանալու եւ ինչպես է դա ֆինանսավորվելու»,-Սանկտ Պետերբուրգում երեկ կայացած ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ նման հարցադրում է անում արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Դժվար է հուսալը, որ Ադրբեջանը չի շարունակի իր քաղաքականությունը: Երբ ստեղծվի հետաքննության մեխանիզմ, կասենք, որ ունենք շոշափելի արդյունք»,-հունիսի 21-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Բանախոսն ասաց, որ Ադրբեջանն ընտրել է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա ճնշում գործադրելու ռազմավարությունը, որը տեղի է ունենում ագրեսիայի եւ զինադադարի խախտումների տեսքով. «Հիմա տեսնում ենք նոր ռազմավարություն, երբ Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժություններ են տեղի ունենում, որոնցով ճնշում են գործադրում բանակցային գործընթացի վրա»:
Բանախոսը փաստեց, որ համանախագահողները խուսափում են գնահատականներ տալ Ադրբեջանի բազմաթիվ խախտումներին. «Նրանց լռությունից օգտվում է Ադրբեջանը: Համանախագահների միջեւ տարաձայնություններ չկան, նրանք գտնում են, որ ռազմական գործողությունները չպետք է վերսկսվեն: Դիտորդների թիվը պետք է շատ լինի, որ ստեղծվի հետաքննության մեխանիզմը: Եթե այն ստեղծվի, համանախագահներն իրենց սեղանին կունենան հետաքննության արդյունքները եւ ուզած-չուզած թիրախավորված հայտարարություններ կանեն»:
Կարդացեք նաև
Ադրբեջանի` Եվրասիական տնտեսական միությունում ընդգրկվելու հավանականության շուրջ էլ Սաֆրաստյանն ասաց. «ՌԴ-ն ձգտում է, որ Ադրբեջանն ընդգրկվի ԵՏՄ-ի մեջ, բայց համոզված եմ, որ Ադրբեջանը չի գնա այդ քայլին, քանի որ այն կնշանակի նավթի եւ գազի շահույթներն օգտագործելու հնարավորությունների սահմանափակում»:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` Արցախի հարցում Ադրբեջանն իրականում լուծում է իր վերնախավի լինել-չլինելու հարցը. «Եթե Ադրբեջանը` Ալիեւը, պարտվի Ղարաբաղյան հարցում, գուցե կորցնի պաշտոնն ու կյանքը, ուստի անում է այն, ինչ իր համար անհրաժեշտ է գտնում: Չեմ բացառում, որ եթե Ադրբեջանը ռազմական եւ դիվանագիտական պարտություն կրի, Ալիեւն իր կյանքն էլ կկորցնի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Եթե ալիևի համար ղարաբաղյան հարցում պարտվելը պաշտոնանկություն ու կյանք է արժանանալու,ապա մեզ համար պարտությունը պետականության կորուստ ու դրանից բխող ահավոր հետևանքներ է լինելու: Հիմա ինչ,պահե՞նք հողերը,թե՞…