Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նաեւ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների դոպինգ փորձանմուշների կրկնական ստուգման արդյունքներով յոթ կարգազանց ծանրորդների ցուցակ: Նրանք են. Հռիփսիմե Խուրշուդյան (Հայաստան), Ալեքսանդրու Դուդօղլու (Մոլդովա), Նադեժդա Եվստյուխինա (Ռուսաստան), Նուրքան Թայլան (Թուրքիա), Մարինա Շաինովա (Ռուսաստան), Իլթիգամ Զաիրով (Ադրբեջան), Իլյա Իլյին (Ղազախստան):
Հռիփսիմե Խուրշուդյանի մասին, որի փորձանմուշում հայտնաբերվել է Ստանոզոլոլ, հայկական լրատվամիջոցները շտապեցին տարածել, որ նա արգելված խթանիչ է օգտագործել եւ որակազրկվել է (թեկուզ ժամանակավոր):
Այդ տեղեկություններում առնվազն երկու սխալ կա: Առաջին. արգելված խթանիչներն ու արգելված նյութերը տարբեր բաներ են: Aravot.am-ը երեկ տպագրել է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանի կոչը լրատվամիջոցներին, որտեղ պրոֆեսորը բացատրում է դրանց տարբերությունը:
Երկրորդ. Հռիփսիմե Խուրշուդյանն առայժմ չի որակազրկվել, այլ ժամանակավոր հեռացվել է եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին հաստատ չի մասնակցելու՝ հեռացվել է:
Կարդացեք նաև
Իսկ եթե գրում ենք, թե որակազրկվել է, հիմա ո՞վ կասի, թե կոնկրետ որքան ժամանակով, որակազրկումը երբվանի՞ց է մտել ուժի մեջ եւ որքա՞ն ժամանակ է գործելու, ի՞նչ պատժամիջոցներ են կիրառված Հռիփսիմեի նկատմամբ:
Պեկինից հետո պաշտոնական առաջնություններում նրա նվաճած մեդալները ե՞տ են վերցնելու: Այսօր նույնիսկ ԾՄՖ-ն ու ՄՕԿ-ը այս հարցերի պատասխանը դեռ հստակ չունեն: Ամեն բան կպարզվի, երբ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը պաշտոնապես հաստատվի:
Ցուցակի հրապարակման պահից սկսած 21 օրվա ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան(ԾՄՖ) լսումներ է կազմակերպելու, որին ըստ ցանկության, մասնակցելու իրավունք ունենալու են ցուցակում հայտնված մարզիկները: Այդ լսումներից հետո եւս 21 օրվա ընթացքում վերջնականապես կհայտարարվեն որակազրկումների ժամկետները եւ պատժամիջոցները: Սա է կարգը: Այնպես որ, Հռիփսիմե Խուրշուդյանին որակազրկելու հարցում շտապել պետք չէ: Դեռ կհասցնենք: Պարզապես, եկեք սպասենք պաշտոնական հայտարարություններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ